Ֆրանսիական ոչխարները Լոռիում իրենց լավ են զգում․ մի քիչ չար են՝ արոտի սեզոնին օրը կարող են մինչև 20 կմ ման գալ, բայց չարչարվելն արժե․ համեղ ու տեղական սորտերի համեմատ շատ միս են տալիս։ Նաև՝ տարվա մեջ երկու անգամ, որպես կանոն, զույգ գառ են ունենում․.․ Հենց դրա համար էլ որոշեց խախտել հայրենի Ջրաշեն գյուղի կաղամբ աճեցնելու ավանդույթը ու երկու տարի է՝ բլանշ է բուծում՝ հպարտանում է ֆերմեր Ռուդիկը։
Ռուդիկ Զարգարյան (ֆերմեր) - Լավ բիզնես ա, գառները ծախում ենք 100-120 հազար դրամ մի գառը:
Մարզից Երևան է եկել՝ ոչխարաբույծների ժողովին մասնակցելու։ Դահլիճում հավաքվել են միայն տոհմային-ցեղական սորտեր պահողները։ «Բլանշ» տեսակի ոչխարները, ի դեպ, մեր երկում հայտնվել են Եվրամիության «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շնորհիվ։ Ներկրած կճղակավորներին EU-GAIA-ն բաշխել է Լոռի-Շիրակ-Տավուշում մրցույթով ընտրված 37 գյուղացու։
Կարեն Հարությունյան (EU-GAIA ծրագրի համակարգող) - Ընդհանուր առմամբ ներկրվել է 400 գլուխ «բլանշ» տեսակի ոչխար: Բացի դրանից՝ տրամադրել ենք սարքավորումներ՝ աղացներ, աջակցել ենք հարակից գործունեությանը, օրինակ՝ կաշվի արտադրամասի, կթի հարթակ ենք ստեղծել:
Մեր պապենական շագանակագույն մազեխի, սև դնչով ճերմակ բալբասի, Նոյեմբերյան-Իջևանի կողմերը տարածված բոզախի ու Սյունիքում հայտնի ղարաբաղյան ոչխարի համեմատ՝ ֆրանսիական բլանշը ոչ միայն մեծ խոյերի դեպքում մինչև իսկ 140 կգ կենդանի քաշ է ունենում, այլև՝ բարձրակարգ ռեստորանների փնտրած որակի միս․ պարզվում է մեծ տարբերություն կա։
Տիգրան Չիթչյան (ՀԱԱՀ Մորֆոլոգիայի և կենդանագիտության ամբիոն վարիչի պաշտոնակատար) - ամենկարևորը «բլանշ» ցեղի ոչխարի մսի մեջ՝ հիլսինաթթուն ընդհանրապես բացակայում ա. դա էն տհաճ հոտ ու համն ա, որ դուք չեք ուտում, ասում եք՝ մատս կպավ, վա՜յ, մի քիչ համ ա գալիս:
Առանց հոտի ոչխարի միսը մյուսներից թանկ է, պահանջարկը բարձր՝ թե՛ տեղական շուկայում, թե՛ արտահանման առումով։ Նախորդ երկու տարիները ցույց են տվել նաև, որ կենդանին լավ հարմարվում է մեր բնակլիմայական պայմաններին․ մոնիթորինգի տվյալներ ունեն՝ ասում է Տիգրան Չիթչյանը։
Տիգրան Չիթչյան - 80 տոկոս շահառուների մոտ այնպիսի տվյալներ են ստացվել, որ արդեն 3-րդ անգամ Ֆրանսիայի ասոցիացիայի փոխտնօրենը գալիս է ու ասում է՝ հավատացեք, մեր մոտից լավ են զգում: Դա վերաբերում է և՛ առողջությանը, և՛ վերարտադրողականությանը:
Թվում է՝ բարդ բան չէ ոչխար պահելը, բայց Գեղարքունիքում, օրինակ, բրդատու-մսատու ռոմանովսկիներին ադապտացնել չի հաջողվում՝ ընկճված է Լանջաղբյուրից եկած հյուրը։ Հիմա էլ փորձարկում են տաջիկական հիսարյան սորտը։
Արմենակ Խաչատրյան («Արսեն Մարգարյան» ԱՁ-ի ներկայացուցիչ) - Գրեթե հորթի չափ... Օրինակ՝ մեզ մոտ կա հիսարյան տեսակի ոչխար, որի կենդանի քաշը կլինի 100 կգ: Մսատու են, շատ լավն են:
Կենդանիներից ո՞րը կարող է ավելի հեշտ հարմարվել մեր բնակլիմայական պայմաններին, ումի՞ց, ի՞նչ օգնություն ակնկալել: Հենց նմանատիպ հարցերի համար են որոշել միավորվել և Հայաստանում տոհմային ոչխարաբուծության ասոցիացիա ստեղծել՝ ներկայացնում է գաղափարն առաջ տանող ICARE հիմնադրամի պատվիրակը։
Աննա Հովհաննիսյան (ICARE հիմնադրամի նախագծի համակարգող) - Տարատեսակ խնդիրներ են բարձրաձայնել, որոնք ասոցիացիայի ռազմավարության մշակման ժամանակ մշակվել են 5 ուղղության մեջ: Այդ ուղղությունները սկսում են կրթության ապահովումից մինչև ապրանքի շուկայահանում՝ որպես տոհմային մսեղիք:
Ոչխարաբույծները ասոցիացիան հիմնեցին, տոհմային իրենց կենդանիների հարցով նախագահ ընտրեցին «բլանշներից» քաջատեղյակ Ագրարայինի դասախոսին։