Քննչական կոմիտեի քննիչներից յուրաքանչյուրն այսօր ունի միջինում 100-ից ավելի քրեական վարույթ: Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետի աշխատասեղանին վերջին տարիներին քննիչների ծանրաբեռնվածության թվային պատկերն է:
Կամո Սահակյան (ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ) - 2020 թ. դրությամբ՝ կոմիտեի վարույթում քննվել է 32 հազար 483 քրեական վարույթ, 2021-ին՝ 41 հազար 883, իսկ արդեն 2022 թ. հիշյալ վարույթների քանակը կազմել է 59 հազար 830:
Կամո Սահակյանի խոսքով՝ գործերի ավելացման պատճառներից է քրեական դատավարության օրենսգրքի ընդունումը: Նոր կարգավորմամբ՝ պետք է վերաբացվեն կասեցված քրեական վարույթները, որոնց թիվը մոտ 97 հազար է:
Կամո Սահակյան - Օրենսդրական կարգավորումների համաձայն՝ մինչև 23 թվականի հուլիսի 1-ը Կոմիտեն պարտավորություն ունի հիշյալ վարույթները վերսկսկել և դրանք պետք է համարվեն ընթացիկ վարույթներ: Այս պահի դրույթամբ՝ արդեն իսկ 51 հազարը վերսկսկել ենք:
Քննիչների աննախադեպ ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, նախատեսվում է բարձրացնել նրանց աշխատավարձը: Կառավարության հեղինակած օրենքի նախագիծն արդեն Ազգային ժողովում է, հավելումը կլինի դրույքաչափի 92 տոկոսով: Այժմ սկսնակ քննիչի աշխատավարձը՝ ամենացածր գործակցով, մոտ 300 հազար դրամ է, օրենքի ընդունման դեպքում՝ 570 հազար կդառնա: Սոցիալական երաշխիքների շարքում արդեն փոխվել են կենսաթոշակի անցնելու պայմանները:
Արթուր Վարդանյան (ՀՀ ՔԿ իրավաբանական վարչության պետ) - Նախկինում կենսաթոշակի իրավունքը պայմանավորված էր որոշակի տարիքով, այսինքն՝ 60 տարին լրանալուց հետո էր կենսաթոշակի իրավունքը ձեռք բերվում, ներկայումս, անկախ նրանից, թե ինչ տարիքի է հասել, եթե 20 տարվա աշխատանքային ստաժ ունի, վերջինս ձեռք է բերում կենսաթոշակի իրավունք:
Քննչական կոմիտեում թափուր հաստիքները զբաղեցնելու համար այժմ հայտարարված է ընդունելություն. վերջնաժամկետը հունիսի 2-ն է. փոխվել է գրավոր և բանավոր քննությունների ընթացակարգը:
Արթուր Վարդանյան - Առաջին գրավոր փուլի ժամանակ դիմորդը հանձնելու է, պատասխանելու է խնդիրներին, այսինքն՝ նաև գործնական տարր պարունակող հարցադրումներին, իսկ գրավոր փուլը հաղթահարելուց, անհրաժեշտ միավոր ստանալուց հետո, եթե անցնի բանավոր փուլ, ապա բանավոր փուլում արդեն տեսական հարցադրումներ են լինելու: Հարցաշարը բաղկացած է 210 հարցից:
Քննիչ դառնալու համար կարող են դիմել բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող, հայերենին տիրապետող այն քաղաքացիները, որոնք համապատասխանում են օրենքով սահմանված բոլոր պահանջներին:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան