ՄԻՆՍԿՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՌԴ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկնել է Բելառուսի մայրաքաղաք. այսօր Մինսկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին քննարկվելու են տարածաշրջանային մարտահրավերներն ու սպառնալիքները: Մինչև նիստի մեկնարկը տեղի է ունեցել Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարների հանդիպումը: Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ արևմտյան երկրների կողմից չհայտարարված պատերազմ է սանձազերծվել Մոսկվայի և Մինսկի դեմ: Նրա համոզմամբ ՆԱՏՕ-ի ռազմական գործունեությունը ագրեսիվ է դարձել։ Շոյգոն նշել է, որ ՆԱՏՕ-ի միջուկային առաքելությունների ակտիվությունը Ռուսաստանին և Բելառուսին ստիպում է համապատասխան պատասխան միջոցներ ձեռնարկել: «Հաշվի առնելով ռազմաքաղաքական իրավիճակը՝ Բելառուսի զինված ուժերի հետ միասին մենք կատարում ենք ընդհանուր պաշտպանական տարածքի ամրապնդման աշխատանքներ՝ կենտրոնանալով զորքերի պատրաստման և նրանց մարտունակության բարելավման վրա»,- հայտարարել է Ռուսատստանի պաշտպանության նախարարը: Նա հիշեցրել է, որ բելառուսական կողմին է հանձնվել «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը, որով հնարավոր է նաև միջուկային մարտագլխիկ պարունակող հրթիռներ կիրառել։ Վիկտոր Խրենինը նշել է, որ Մինսկը շահագրգռված է ռազմական ոլորտում Մոսկվայի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմամբ:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է 36 ԱԹՍ-Ի ԽՈՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայության տարածած հայտարարության համաձայն, այսօր առավոտյան ռուսական կողմի արձակած բոլոր 36 «Շահեդ» կամիկաձե անօդաչու թռչող սարքերը խոցվել են: Գերատեսչությունից հայտնում են, որ Մոսկվան նպատակ է ունեցել ոչնչացնել Ուկրաինայի արևմտյան շրջաններում կարևոր ենթակառուցվածքներ և ռազմական օբյեկտներ: Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն հայտարարել է, որ հարձակումը զանգվածային է եղել՝ երեք ժամվա ընթացքում մի քանի ալիքներով:
ԿԻԵՎԸ ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ԶԵՆՔ Է ՍՏԱՑԵԼ ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ. ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վստահ է, որ Ուկրաինան արդեն բավականաչափ զենք է ստացել հակահարձակման համար` Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ստոլտենբերգը ողջունել է դաշինքի երկրների որոշումները՝ Ուկրաինային թևավոր հրթիռներ տրամադրելու և արևմտյան կործանիչների համար օդաչուների պատրաստման գործընթացը սկսելու վերաբերյալ։ Նրա խոսքով
ուկրաինացի օդաչուների ուսուցումը արևմտյան F-16 կործանիչներով ՆԱՏՕ-ին չի դարձնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կողմ: Նիդերլանդների պաշտպանության նախարարն էլ հայտարարել է, օդաչուների ուսուցանման գործընթացը կհամակարգվի Բելգիայի, Դանիայի և Միացյալ Թագավորության հետ համատեղ: Երեկ Նորվեգիան նույնպես հայտարարել է, որ պատրաստ է միանալ գործընթացին:
ՉԺՀ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԵԱՏՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՎԵԼԻ ԲԱՑ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ
Պեկինում հանդիպել են Չիաստանի նախագահ Սի Ցզինպինը և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Հանդիպման ընթացքում ընդգծվել է համաձայնեցված ջանքերի միջոցով Չինաստանի և Ռուսաստանի միջև պրագմատիկ համագործակցությունը բարձրացնել ավելի բարձր մակարդակի: Չինաստանի նախագահը հայտարարել է, որ Պեկինը պատրաստ է Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների հետ նպաստել տարածաշրջանային ավելի բաց շուկայի ձևավորմանը։ Նրա խոսքով չինական կողմը պատրաստ է համագործակցել նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության և Եվրասիական տնտեսական միության նախագծերի համակցման ուղղությամբ:
Փոխանցելով Ռուսաստանի նախագահի ողջույնները՝ Միշուստինը նշել է, որ Մոսկվան շատ է գնահատում բարիդրացիական, բարեկամական և համագործակցային գործընկերությունը Չինաստանի հետ: