Հարավային Կովկասում ծավալվում է ուկրաինական սցենարը, սակայն, ի տարբերություն ռուս-ուկրաինական հակամարտության, ավելի քիչ ուշադրության է արժանանում, ասված է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ «Ազգերն անցումային շրջանում 2023. Պատերազմը խորացնում է տարածաշրջանային պառակտումը» զեկույցում.
«2020 թվականին Ադրբեջանը գրավեց Լեռնային Ղարաբաղի մի մասը. դրանից հետո էլ Իլհամ Ալիևի ռեժիմը շարունակեց տարածքային նկրտումները՝ գնալով ռազմական ճանապարհով։ 2022 թվականին ադրբեջանական ուժերը ներխուժեցին Հայաստանի Հանրապետության տարածք, իսկ 2023 թվականին մեկուսացրին Լեռնային Ղարաբաղում ապրող էթնիկ հայերին՝ «բնապահպանական ակցիաների» պատրվակով փակելով այնտեղ տանող ճանապարհը»։
Զեկույցում զուգահեռներ են տարվում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունների և Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի միջև. Freedom House-ը ահազանգում է՝ «Բաքվի վերահսկողության ընդլայնումը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի սահմանամերձ որոշ հատվածներում սպառնում է տեղի բնակչության ազատությանն ու անվտանգությանը»:
Իրավապատշտպան կազմակերպությունը ժողովրդավար երկրներին կոչ է անում չանտեսել այդ վտանգը, ջանքեր գործադրել՝ ամրապնդելու Հայաստանի ժողովրդավարությունը և պաշտպանելու բոլոր այն մարդկանց, որոնք փախչում են Ադրբեջանի օկուպացիայից:
Զեկույցի հեղինակներն արձանագրում են՝ դիտարկված 29 երկրի շարքում Հայաստանը 2022 թվականին ժողովրդավարության ոլորտում առաջընթաց գրանցած փոքրաթիվ երկրներից է.
«Հայաստանը չի դիմել Եվրամիության անդամության թեկնածության համար, սակայն, 2022 թվականին հաջողություններ է գրանցել ժողովրդավարության ոլորտում՝ դառնալով «Nations in Transit 2023» զեկույցում հիշատակված միակ երկիրը, որը բարելավել է դիրքը մեկից ավելի ցուցանիշով»:
Զեկույցի համաձայն՝ Հայաստանը, ինչպես նաև Ուկրաինան և Մոլդովան, վերջին տարիներին անշեղորեն կատարելագործել են ժողովրդավարական ինստիտուտները, ինչին նպաստել են հանրային ակտիվությունը և ընտրությունները.
«Չնայած ավտորիտար ագրեսիաները սպառնացել են նրանց անվտանգությանը՝ այդ երկրների ժողովուրդները և ազատ ընտրությունների արդյունքում ընտրված առաջնորդները պայքարել են կառավարման բարելավման համար՝ սերտորեն գործակցելով հասարակական կազմակերպությունների և մասնագետների հետ»:
Freedom House-ի զեկույցի համաձայն նաև՝ ի տարբերություն Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի՝ Վրաստանում վտանգավոր քաղաքական բևեռացում է նկատվում, իսկ լրատվամիջոցները քաղաքականացված են:
Այսպիսով՝ զեկույցում Հայաստանը 3.11 ցուցանիշով «Անցումային կամ հիբրիդային ռեժիմ» խմբում է:
Ժողովրդավարության վատագույն արդյունքները գրանցած երկրների շարքում են Ղրղզստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ադրբեջանը և այլ երկրներ: Լավագույն ցուցանիշներ են գրանցել Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Չեխիան, Սլովակիան և Սլովենիան:
Այնուամենայնիվ, Հարավային Կովկասում էսկալացիայի հավանականությունը պահպանվում է, զգուշացնում է Freedom House-ը.
«Հաշվի առնելով, որ հայկական կողմը ավտորիտար և բացահայտ թշնամական քաղաքականություն վարող Ադրբեջանից պաշտպանվելու հարցում կախված է ավտորիտար Ռուսաստանից՝ Հայաստանի ժողովրդավարությունը բախվում է հզոր մարտահրավերների»: