ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն այսօր ընդունել է «Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելության տնօրեն բժիշկ Ֆրանկինգ Ֆրիաս Դիազին և տնօրենի օգնական Էլեն Գրիգորյանին։
ՓԾ տնօրենը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել այցի համար և բարձր է գնահատել կազմակերպության ծավալած մարդասիրական գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։
Հանդիպանը ներկա են եղել նաև ՓԾ տնօրենի տեղակալներ, փ/ծ գնդապետ Ե․Կարապետյանը և փ/ծ գնդապետ Դ․Սարգսյանը։
Կամո Ցուցուլյանը հյուրերին ներկայացրել է ՆԳՆ փրկարար ծառայության ընթացիկ աշխատանքները, ներկայիս հնարավորությունները և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հարուստ փորձը։
Շնորհակալություն հայտնելով ՓԾ տնօրենին ընդունելության համար՝ Ֆրանկինգ Ֆրիաս Դիազը ներկայացրել է «Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելության գործունեությունը, ծրագրերը՝ նշելով, որ կազմակերպությունը աշխատանքային փորձ ունի աշխարհի շուրջ 70 երկրում՝ Ասիայում, Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, Հարավային Կովկասում և այլն։
Ֆրանկինգ Ֆրիաս Դիազը հավելել է, որ կազմակերպությունն աշխարհի խոշորագույն բժշկական մարդասիրական կազմակերպություններից մեկն է, որը Հայաստանում ծավալած բազմամյա գործունեության ընթացքում իրականացրել է մի շարք ծրագրեր։ Ներկայումս «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը ՀՀ-ում առողջապահական ոլորտում իրականացնում է երկարաժամկետ բուժական ծրագիր, միաժամանակ Արցախում հոգեբանական աջակցության ծրագիր՝ սթրեսի հաղթահարման ուղղությամբ։
Անդրադառնալով արտակարգ իրավիճակների բնագավառում գործունեությանը՝ առաքելության տնօրենը նշել է, որ կազմակերպության հիմնական ուղղությունը բնական և մարդածին աղետներին արձագանքումն է, չնայած այս բնագավառում իրականացնում են նաև տարաբնույթ այլ աշխատանքներ:
Կողմերը քննարկել են հետագա փոխգործակցության և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այնուհետև պայմանավորվածություն ձեռք բերել առաջիկայում երկարատև համագործակցության նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և ստորագրել երկկողմ համագործակցության հուշագիր։
Հանդիպման ավարտին ՓԾ տնօրենը շնորհակալություն է հայտնել հյուրերին պատրաստակամության և մարդասիրական առաքելության իրականացման համար և հույս հայտնել, որ առաջիկայում երկկողմ համագործակցությունը կամրապնդվի և կծառայի ի շահ Հայաստանի Հանրապետության բնակչության։