Կառավարությունը հաստատեց Դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը:
«2021 թվականին դեղերի արտադրության ծավալների աճը 2011 թվականի համեմատությամբ կազմել է 2.8 անգամ, իսկ արտահանման ծավալների աճը՝ ավելի քան 2 անգամ: Այնուամենայնիվ, ոլորտը դեռևս ունի զարգացման զգալի ներուժ»,- ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նրա խոսքով՝ ծրագրի հիմնական նպատակը դեղագործական արդյունաբերության շարունակական զարգացումն է, և ՀՀ դեղորայքային ինքնաբավության մակարդակը բարձրացնելը, ինչը հնարավոր է` ապահովելով հետևյալը. տեղական դեղերի արտադրության ծավալների աճ, տեղական արտադրության դեղերի արտահանման ծավալների աճ, ներքին շուկայում տեղական արտադրության դեղերի մասնաբաժնի ավելացում, արտադրողականության բարձրացում:
Նախարարի խոսքով՝ Ծրագրով նախատեսված նպատակների համար նախանշվել են միջոցառումների ուղղությունները և անհրաժեշտ գործիքների ներդրումը. օրենսդրական բարեփոխումներ, համապատասխան մասնագիտական կադրերի ապահովում և դեղագործական արդյունաբերության արտադրողականության բարձրացում, ներքին շուկայում տեղական արտադրանքի ավելացում, ոլորտի ճանաչելիության մակարդակի բարձրացում, արտահանման շուկաների ընդլայնում և դիվերսիֆիկացում, տեղական հումքային բազայի ստեղծում, միջազգային համագործակցության ընդլայնում, դեղագործական ոլորտում ավելի խորը հետազոտությունների իրականացման օժանդակություն, աջակցություն դեղագործական ոլորտի ենթակառուցվածքների ստեղծմանը:
«Վերոնշյալ գործիքակազմի կիրառման արդյունքում ակնկալվում է ոլորտի արտադրության ծավալները 2027 թվականին հասցնել 40 մլրդ դրամի. 2022 թվականին նույն ցուցանիշը կազմել է մոտ 10 մլրդ դրամ, արտահանման ծավալները՝ 25 մլրդ դրամի, որը 2022 թվականից մոտ 5 անգամ ավելի է, աշխատողների թվաքանակը հասցնել 1500 մարդու: Այս ծրագրի լրացուցիչ բյուջեն կազմելու է մոտ 2.5 մլրդ դրամ»,- ասաց Վահան Քերոբյանը: