Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային:
«Հանդիպմանը կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային մարտահրավերները։ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և անվտանգության աճող մարտահրավերների ֆոնին պաշտպանության նախարարը շեշտել է Վրաստանի պաշտպանունակության բարձրացումը, կայունությունը, կիբեռպաշտպանության հնարավորությունները, ՆԱՏՕ-ի հետ համատեղելիությունը և խոսել է ՆԱՏՕ-ի հետ քաղաքական և գործնական համագործակցության խորացման անհրաժեշտության մասին»,- նշված է Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Կոլոմինան մտահոգություն է հայտնել Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերսկսմանը Վրաստանի իշխանությունների դրական արձագանքի կապակցությամբ:
«Մեզ դուր չի գալիս Մոսկվայի այս որոշումը, բայց դա միակողմանի որոշում էր։ Մտահոգությունն ավելի շատ վերաբերում է այն արձագանքներին, որոնք մենք տեսանք ձեր խորհրդարանի որոշ անդամների, կառավարության անդամների կողմից, քանի որ սկզբունքային է շարունակել աջակցությունը Ուկրաինային, ինչը առաջնահերթություն է բոլորիս համար և պետք է առաջնահերթություն լինի մեր բոլոր գործընկերների համար», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ Թբիլիսիի և Մոսկվայի միջև ուղիղ չվերթների վերսկսումը որոշակի հնարավորություններ է ստեղծում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցման համար: