ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի գործարկումը կնպաստնի առևտրային հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև էներգիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, ԵԱՏՄ անդամ պետությունների մրցունակության ավելացմանը միջազգային շուկայում։ Այդ մասին Մոսկվայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս համատեքստում հայկական կողմը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չլուծված հարցերի շուրջ հնարավորինս արագ կոնսենսուսի հասնելու նպատակով։ Հանձնաժողովի և Միության անդամ պետությունների լիազորված մարմինների կատարած մեծ աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է արձանագրել զգալի առաջընթաց՝ արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի ֆինանսավորման նոր ձևաչափի ստեղծման համար նորմատիվ իրավական դաշտի մշակման հարցում»,- ասել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետն անդրադարձել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրին, նշել, որ դրա իրականացումը Հայաստանի համար առաջնահերթություն է:
«Հաշվի առնելով Իրանի հետ համագործակցության բարձր դինամիկան՝ ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելը և դրա հետագա իրականացումը մեզ համար առաջնահերթություն են երրորդ երկրների հետ առևտրային համագործակցության իրական ընդլայնման համատեքստում»,- նշել է ՀՀ վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ Հնդկաստանի և Եգիպտոսի հետ համապարփակ երկխոսության զարգացումը, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունների և Ինդոնեզիայի հետ առևտրային և տնտեսական համագործակցության խորացումը լրացուցիչ խթան կհաղորդեն ինտեգրման գործընթացին: