ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Մինչև 2027-ը նախատեսվում է քառապատկել դեղագործական արտադրության ծավալը: Գործադիրը հաստատեց դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագիրը: Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ 2021-ին, 2011-ի համեմատ, դեղերի արտադրության ծավալն աճել է 2,8, արտահանումը՝ ավելի քան 2 անգամ։ Բայց, ըստ Քերոբյանի, ոլորտում դեռևս չիրացված մեծ ներուժ կա, և ծրագրի նպատակն է զարգացնել դեղագործական արդյունաբերությունը, բարձրացնել Հայաստանի դեղորայքային ինքնաբավության մակարդակը:
Վահան Քերոբյան (ՀՀ Էկոնոմիկայի նախարար) - Ակնկալվում է դեղագործական ոլորտի արտադրության ծավալները 2027 թվականին հասցնել 40 միլիարդ դրամի (4 անգամ ավելացնել), 2022-ին մոտ 10 մլրդ էր: Արտահանման ծավալները՝ 25 միլիարդ դրամի (5 անգամ ավելացնել), որը 2022-ից 5 անգամ ավելի է, աշխատողների քանակը հասցնել 1500 մարդու։ Ծրագրի բյուջեն կազմելու է 2,5 միլիարդ դրամ։
Ցուցանիշներին հասնելու համար կկատարվեն օրենսդրական փոփոխություններ: Ծրագրեր կան մասնագիտական կադրերի ապահովման, դեղագործության արտադրողականության բարձրացման, ներքին շուկայում տեղական արտադրանքի ավելացման, արտահանման շուկայի ընդլայնման և դիվերսիֆիկացման ուղղությամբ: Կստեղծվեն նաև նախակլինիկական հետազոտությունների կլաստեր և բիոտեխնոլոգիական կենտրոններ: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կարևորեց ոլորտի տեխնոլոգիական արդիականացումը:
Տիգրան Խաչատրյան (ՀՀ փոխվարչապետ) - Պետք է ամենայն մանրամասնությամբ գործող արտադրողներին ևս մեկ անգամ հաղորդակցել, պարզաբանել առավելությունները, որոնք գործող ծրագրերում արդեն հասանելի են և նոր ծրագրերում նախատեսվում է լրացնել: Հատուկ ուշադրություն դարձնել այդ հանգամանքին, որովհետև առանց արդիականացման՝ տեխնոլոգիական միջավայրի այն ցուցանիշները, որոնք դրված են նախագծով, դժվար կլինի իրագործել:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Դեղերի փորձագիտական կենտրոնը, որն ընդգրկված է դեղերի գրանցման շրջափուլում, համալրվել է նոր սարքերով, կունենանք լաբորատոր համակարգի հզորություններ, ընդհանուր դեղագործական արտադրանքի հանդեպ վստահությունը կախված է ռեգուլյատորի հնարավորությունից, պետությունը ներդրումներ է անում, որ բարձրացնի վարկանիշը դեղագործական արտադրանքի:
ՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ՀԱՏԿԱՑՎԵԼ 107 ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՀԱՄԱՐ
Ավելի քան 396 միլիոն դրամ հատկացվեց՝ Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերում 42 կրթական հաստատության կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների համար: Նախագիծը բխում է մինչև 2026 թվականը Հայաստանում 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցել-վերակառուցելու Կառավարության ծրագրից:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար) - Ժամանակային ու ֆինանսական ռեսուրսները խնայելով՝ փաստաթղթերը ձեռք են բերվելու առկա նախագծերի տեղակապման միջոցով: Որտեղ ունենք նախագիծ, դա տեղակապվելու է:
Արդեն միջոցներ են հատկացվել կրթական 107 հաստատության նախագծման համար: Նոր, հարմարավետ ու անվտանգ շենքային պայմաններում կսովորի 30 000 երեխա:
Տիգրան Խաչատրյան - Երբ ավարտած կլինենք այս 107 կրթահամալիրների նախագծումը, դրանք կներակայացվեն կառուցման մրցույթների: Նախատեսում ենք խմբավորել որոշակի աշխարհագրական սկզբունքից ելնելով, որ շինկազմակերպության համար համադրելու հնարավորությունը գրավիչ դարձնի աշխատանքներին ներգրավվելը: Առաջարկում եմ հետևել, ակտիվ մասնակցել:
107 կրթական հաստատությունների կառուցման, վերակառուցման համար կծախսվի 150 միլիարդ դրամ: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խոսքով՝ նախատեսվում է տարվա ընթացքում ավարտել նախագծման աշխատանքները:
Արմեն Ղուլարյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ) - Դպրոցից 20-ը 144 տեղանոց մոդուլային են, որոնք պիտի տեղակապվեն, 22-ը 300 և ավելի աշակերտական տեղանոց են, որոնք ևս արդեն գոյություն ունեցող նախագծերով տեղակապման գործընթաց կսկսենք, որ չուշացնենք:
999 ՄԼՆ ԴՐԱՄ Է ՀԱՏԿԱՑՎԵԼ ՄԱՐԶԵՐՈՒՄ 28 ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ
999 միլիոն դրամ՝ 8 մարզի, 18 համայնքի սուբվենցիոն 28 ծրագրի համար: 2023-ին գործադիրը սուբվենցիոն ծրագրերի համար մարզերին հատկացրել է 8 մլրդ 977 մլն դրամ:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - 2023 թվականի բոլոր ծրագրերը մենք արդեն հաստատել ենք, վերջնարդյունքում ունենք 259 հայտ, որոնք կազմում են շուրջ 87 մլրդ դրամ, որից 46 մլրդ դրամը Կառավարության մասնաբաժինն է: Մենք 12 ծրագիր վերադարձրել ենք համայնքներ, մնացած 259 ծրագիրերից մեկին, որոնք հաստատել ենք, և որոնցից 2-ն արդեն ավարտվել է, այսօր գումար հատկացրինք:
2021-ին հատկացումը 4.7 մլրդ, 22-ին՝ 5.9 մլրդ դրամ է եղել: Գումարի ավելացումն, ըստ նախարարի, հայտերն ավելի շուտ ընդունելու արդյունք է. ինչը մրցութային գործընթացն ու շինարարությունն ավելի վաղ սկսելու հնարավորություն է տալիս: Այս տարի հաստատվել է 259 հայտ. 87 մլրդ դրամից 46 միլիարդը Կառավարության մասնաբաժինն է:
Գնել Սանոսյան - Փորձել ենք նախագծման ժամկետը ևս 2 ամսով երկարաձգել. եթե նախորդ տարի հաջորդ տարվա ծրագրերն ընդունում էինք հուլիսին, այս տարի արդեն ընդունել ենք: Մարզերից ստացել ենք 272 հայտ՝ 113 մլրդ. թվերը նախնական են:
Տիգրան Խաչատրյան - 2023-24 թվականների՝ հաստատման պատրաստվող 500 հայտից 130-ը վերաբերում են մանկապարտեզների նորոգմանը:
2023-ի հաստատված սուբվենցիոն հայտերի մեջ գերակշռում են ճանապարհների, ոռոգման համակարգերի և մանկապարտեզների կառուցման, նորոգման ծրագրերը:
107 կրթական հաստությունների կառուցման, վերակառուցման համար կատկացվի 150 միլիարդ դրամ: