ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ԱԺ-ում անդրադարձավ բանակցային գործընթացի բոլոր փուլերին՝ սկսած 1991 թվականից:
«Կար Գերագույն խորհուրդների որոշում միավորման մասին: Կա՞ր. կար: Շատ լավ: Այդ որոշումից հետո Արցախն անում է Անկախության հանրաքվե, ինչը տրամաբանորեն հակասում է նախորդ որոշմանը, որովհետև նախորդիվ արդեն վերամիավորվել էին»,- հիշեցրեց Ալեքսանյանը:
«1997-ին պատերազմում հաղթած Հայաստանին առաջարկում են փաթեթային լուծման տարբերակ, որով Արցախը պետք է լիներ Ադրբեջանի կազմում: Լևոն Տեր-Պետորսյանը հրաժարվում է այդ տարբերակից:
1998-ին առաջարկվում է փուլային լուծում՝ տարածքների վերադարձ, Արցախի կարգավիճակի հարցը՝ ապագային: Սա որպես պատրվակ օգտագործելով՝ Հայաստանում տեղի է ունենում հեղաշրջում: Հեղաշրջման եկած զույգը՝ Քոչարյանն ու Սարգսյանը, ասում են. «Չէ, սա մեզ համար անընդունելի է, պետք է տարածքները տանք միայն անկախության դիմաց»:
Շատ Լավ: Բայց գալիս են, ու 99-ին Ռոբերտ Քոչարյանը սկսում է քննարկել ընդհանուր պետության մոդելի շուրջ: Ի՞նչ է նշանակում ընդհանուր պետություն, որ Արցախն ու Ադրբեջանը դառնում են ընդհանուր պետություն»,- ասաց Ալեքսանյանը:
Պատգամավորը նաև հիշեցրեց, որ դրան է հաջորդել 2001-ի Քի Վեսթը, որի շրջանակում որոշվել է «Ղարաբաղը մեզ տվեք, մենք էլ ձեզ Մեղրին տանք»:
«2007-ին Մադրիդյան սկզբունքներով խոսում են, որ պետք է լինի և՛ տարածքային ամբողջականության սկզբունքը, և՛ ինքնորոշման իրավունքը: Բայց ինքնորոշման իրավունքի հետ կապված կա մի բայց, որ Արցախում անցկացվելիք հանրաքվեն ցանկացած պարագայում պետք է համաձայնեցված լինի Ադրբեջանի հետ: Այսինքն՝ մինչև Ադրբեջանը չասի՝ այսինչ օրը անցկացրեք հանրաքվե, այդ հանրաքվեն անցկացվել չի կարող: Բայց սա ներկայացվել է շատ դրական լուծում տարիներ շարունակ»,- ասաց իշխանական պատգամավորը:
Ըստ Վահագն Ալեքսանյանի՝ միայն 2011-ին Կազանում ստորագրված փաստաթուղթն է, որ խնդրի լուծման ամենալավ տարբերակն է. «Բայց խնդիրը գիտե՞ք որն է Կազանի. որ Ալիևը դրան էլ համաձայն չէր»:
Ալեքսանյանը նաև հիշեցրեց, որ հետո եղել են 1-2 տարբերակներ, ապա 2016-ին՝ Լավրովյան պլանը, որից սկզբում Հայաստանը հրաժարվել է, ապա տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմը, որից հետո փաստաթուղթն ընդունվել է որպես բանակցային պրոցեսի հիմք:
«Բայց այս ամբողջ բանակցային պրոցեսում Անկախության հանրաքվեն չկա»,- ընդգծեց պատգամավորը: