Վաշինգտոնն ակտիվորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների, ինչպես նաև երկու երկրի ժողովուրդների ուղիղ շփումներին` կայուն և տևական խաղաղության հասնելու համար՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանը՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։
Դերեք Հոգան (ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար) - Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցային գործընթացում առաջընթաց կա: Մայիսի սկզբին պետքարտուղարը հյուրընկալեց երկու երկրի արտաքին գործերի նախարարներին, որպեսզի նրանց հետ աշխատի ամենավիճելի խնդիրների շուրջ: Այդ հարցերից էին՝ օրինակ, սահմանային գոտում զորքերի հետքաշումը, սահմանների սահմանազատումը, վեճերի լուծման մեխանիզմը խաղաղության համաձայնագրի շրջանակում, որի կնքմանը մենք փորձում ենք աջակցել, Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքները և անվտանգությունը: Սրանք մի քանիսն են այն մեծ թվով հարցերից, որոնց շուրջ մենք աշխատում ենք: Մենք նաև մի շարք առաջարկներ և ձևակերպումներ ենք ներկայացրել, որոնք, գուցե, կողմերին թույլ կտան հաղթահարել առկա տարաձայնությունները: Հայկական և ադրբեջանական կողմերը դիտարկում են այդ առաջարկները:
Դերեք Հոգանը հավելել է, որ անցած շաբաթ զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ հասկանալու՝ որ ուղղություններով կարելի է առաջ շարժվել: Նա նաև տեղեկացրել է, որ Վաշինգտոնը սերտորեն աշխատում է Եվրամիության հետ: Հոգանը հիշեցրել է, որ մայիսի սկզբին ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո Բրյուսելում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:
Դերեք Հոգան - Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները բանակցությունները կշարունակեն հունիսի 1-ին Քիշնևում՝ արդեն Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ: Նրանք ևս կփորձեն հասկանալ՝ ինչպես կարելի է գործն ավարտին հասցնել: Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին՝ պետքարտուղարը շատ ակտիվ ջանքեր է գործադրում՝ հատկապես առևտրային և մասնավոր փոխադրումների համար այն բացելու ուղղությամբ:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը հավելել է՝ Էնթոնի Բլինքենը Իլհամ Ալիևի հետ շփումներում բազմիցս բարձրաձայնել է Լաչինի միջանցքի հարցը, շեշտելով, որ այն պետք է բաց լինի երթևեկության համար:
Հարավային Կովկասում զարգացումներին է անդրադարձել նաև ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի տեղակալ Էրին Էլիզաբեթ ՄըՔին: Նա, մասնավորապես, մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Էրին Էլիզաբեթ ՄըՔի (ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի տեղակալ) - Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությունը սահմանափակ հասանելիություն ունի կամ զրկվել է կենսական կարևորության ծառայություններից, բուժօգնությունից և մի շարք ապրանքներից։
Նա նաև ողջունել է այն փաստը, որ հայկական կողմը՝ ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: ՄըՔին դա կարևոր քայլ է որակել:
ԱՄՆ կառավարության Եվրոպայի ու Եվրասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը դիտարկում է Եվրասիայի մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ամերիկյան տեխնոլոգիաների կիրառմամբ փոքր մոդուլային միջուկային ռեակտորների կառուցման հնարավորությունը՝ ձգտելով ամրապնդել այդ պետությունների էներգետիկ անկախությունը Ռուսաստանից և Չինաստանից։ Այլ մանրամասներ ամերիկացի պաշտոնյան չի ներկայացրել: