ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ ՀՀ վարչապետի՝ օրերս արած հայտարարությանը: Մարիա Զախարովան ընդգծել է՝ ցանկացած պետության, այս դեպքում՝ Հայաստանի քաղաքական տեսլականի մասին հայտարարություններ անելն այդ երկրի և նրա ժողովրդի իրավունքն է։
Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Այս հարցին ռուսական կողմը արձագանքում է որպես կարգավորման միջնորդ: Կարևոր է, որ Հայաստանն այդ հարցում հստակ դիրքորոշում ունի։ Սա երկարամյա հակամարտություն է։ Առաջ շարժվելու համար, այդ թվում՝ ստորագրված փաստաթղթերի մասով, հարկավոր է հասկանալ կողմերի հստակ դիրքորոշումները։ Այնպես որ, Հայաստանի վարչապետի հայտարարությունը համարում ենք 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած գագաթնաժողովի շրջանակում նրա որդեգրած դիրքորոշման հաստատում:
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի նախագծին, ապա մայիսի 19-ին Մոսկվայում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների հերթական փուլը։ Կարծում ենք, որ այն թույլ տվեց բարելավել կողմերի միջև փոխըմբռնումը և մի շարք հարցերի շուրջ մոտեցնել նրանց դիրքորոշումները։
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՏԱՐՎՈՒՄ ԲՈԼՈՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐՈՎ. ԶԱԽԱՐՈՎԱ
Լրագրողները Մարիա Զախարովային հարցեր են ուղղել նաև ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի և այդ համատեքստում Ռուսաստանի հասցեին հնչող քննադատությունների վերաբերյալ:
Մարիա Զախարովա - Օգտագործում ենք մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ հանդարտեցնելու իրավիճակը թե՛ տեղում, թե՛ քաղաքական հարթակում։ Բանակցություններ են տարվում բոլոր մակարդակներով, տարբեր ոլորտներում ու տարբեր գերատեսչությունների գծով՝ հաշվի առնելով, որ այնտեղ տեղակայված են մեր խաղաղապահները։
ՀՀ-ՀԱՊԿ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԸՍՏ ՌԴ ԱԳՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ
Անդրադարձ է եղել նաև Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններին, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից:
Մարիա Զախարովա - Եթե Հայաստանն այս խոսույթով փորձում է առաջ տանել ՀԱՊԿ-ից դուրս գալու գաղափարը, ապա, կարծում եմ, հարկավոր է հասկանալ նման մանիպուլյացիայի ողջ վտանգը: Ինչպե՞ս կարող է ՀԱՊԿ-ը դուրս գալ Հայաստանից... Մեզ համար հասկանալի չէ՝ ինչի՛ մասին է խոսքը:
Զախարովան հավելել է՝ Մոսկվան ՀԱՊԿ-ի գործունեությունը գնահատում է շատ արդյունավետ, դա, նրա ձևակերպմամբ, իրողություն է: