Հայաստանի և Ադրբեջանի անկլավների թեման գոյություն է ունեցել միշտ ու վաղուց: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հարցն ունի իրավական և քաղաքական կողմ:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ անկլավների թեման քաղաքական մակարդակում գոյություն է ունեցել շատ վաղուց, այդ թվում՝ 1999 թ. տարածքների փոխանակման փաստաթղթի մեջ: Վարչապետի խոսքով՝ այն իրավիճակում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց 29.8 հազար և 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, հարց է առաջ գալիս, իսկ ինչպե՞ս է լուծվելու անկլավների հարցը:
Փաշինյանն ասաց, որ Մյունխենում և Բրյուսելում քաղաքական մասով եղել է հետևյալ խոսակցությունը. «Մենք փոխադարձաբար ճանաչո՞ւմ ենք անկլավների գոյությունը, որ կա Արծվաշեն, որ պատկանում է, պատկանել է ՀՀ-ին, և անկլավներ հիմա, որ Հայաստանի տարածքում են, որոնք պատկանել են Ադրբեջանին: Այո՛, քաղաքական մակարդակում դա մենք ճանաչում ենք: Եվ ես ասել եմ, որ իրավական մակարդակում մենք լրացուցիչ հարցեր ունենք՝ առնվազն մի քանիսի հետ կապված»:
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ խնդիրը լուծելու երկու տարբերակ կա. «Որը սահմանից այն կողմ է, մնում է սահմանից այն կողմ գտնվող երկրի տարածքում, որը սահմանից այս կողմ է, մնում է սահմանից այս կողմ գտնվող տարածքում»:
ՀՀ վարչապետը նաև նկատեց, որ եթե, ենթադրենք, հայկական կողմն ասի՝ Արծվաշենը չենք ուզում, մյուսները թող մնան մեր տարածքում, իրավական խնդիր կառաջանա, ուստի այս մասով քննարկումները դեռ շարունակվում են: Վարչապետը նաև ասաց, որ այս մասով որևէ բան որոշված չէ, վերջնական համաձայնեցում չկա, եթե կլինի հստակ պայմանավորվածություն Ադրբեջանի հետ, կտեղեկացնի: