Զորավարժարանում 25-օրյա վարժական հավաքների մասնակիցներն են: Մի քանի օր է՝ վերհիշում են տարիներ առաջ զինվորական ծառայության ընթացքում ստացած մասնագիտության նրբությունները: Մարտավարական դասերից հետո անցել են գործնական՝ կրակային պատրաստությանը:
Կիրառվում են տարբեր տրամաչափի զենքեր՝ ավտոմատ, նռնականետ, գնդացիր, ականանետ:
Գործի են անցնում բժիշկները, վերհիշում են՝ ինչ պետք է անել, եթե զինակից ընկերը վիրավորում ստանա: Առաջին բուժօգնությունը ցույց են տալիս ու տարհանում անվտանգ վայր:
Հայկ Սարգսյան (վարժական հավաքների մասնակից) - Էսպիսի հավաքները մեզ հնարավորություն են տալիս կրկին մեր հմտությունները, գիտելիքները վերականգնենք և գործնականորեն կատարենք: Այս օրերին ինչ ստեղ ենք, մի շարք պարապմունքներ են կատարել: Ես արդեն մի քանի անգամ է՝ մասնակցում եմ էսպիսի հավաքների և շատ մեծ տպավորություններ ունեմ, և իմ կարծիքն է, որ ամեն մարդ պիտի գա ու վերհիշի իր անցած ծառայությունը և շատ բաներ սովորի:
Այս վարժանքների գլխավոր նպատակը մարտունակ բանակ ունենալն է, իսկ բանակում իրենց մեծ դերն ունեն պահեստազորայինները: Այստեղ միայն զենքի հետ վարվեցողություն չէ որ սովորում են՝ մանրամասնեց հրահանգիչ սպան, պահեստազորայինները սովորում են նաև անհատական ու խմբային աշխատանք կատարել:
Վազգեն Քոչարյան (ՀՀ ՊՆ տարածքային պաշտպանության մարտական բաժանմունքի ավագ սպա) - Մենք փորձում ենք մեր անձնակազմին անհատական պարապմունքներից սկսած բերել հասցնել ներդաշնակման, որ ընդհանուր ջոկ, դասակ, վաշտ, գումարտակ ու ավելի մեծ օղակներում կարողանան իրենք համահունչ աշխատել: Մի քանի օր է՝ այստեղ են ու բավականին լավ տրամադրվածությամբ, բավականին կայուն տոկունությամբ, որովհետև երբեմն մի քանի անգամ մի պարապմունքը, մարզումները կատարելուց հետո որ տեսնում ենք՝ հոգնում են, բայց փորձնական հարցի դեպքում՝ ցանկություն կա նորից կրկնելու, ասում են՝ այո՛, կա, ուզում ենք, նկատվում է տենդենց, որ մարդիկ ցանկանում են սովորել ու մարզվել:
Ժիրայր Խաչիկյան (վարժական հավաքների մասնակից) - Մեր համար շատ լավ ա վարժական հավաքները, բոլորիս պետք ա, ես ինքս պատերազմի մասնակից եմ ու իմ գործը միշտ անում եմ սիրով:
Վահրամ Արսենյան (վարժական հավաքների մասնակից) - Սպայական անձնակազմը շատ լավ ա տրամադրված, շատ լավ են բացատրում, շատ լավ ենք վերհիշում, չեն զլանում վաբշե, մեզ օգնում են, խորհուրդներ են տալիս, ընկերական հարաբերություններ ա թե՛ տղաների հետ, թե՛ սպայական անձնակազմի:
Ականանետային դասակի ծառայողները թիրախը խոցելիս ոգևորվում են: Մարտունակ և պատրաստի զինվորական դառնալու համար 25 օր ունեն:
Սուրեն Սուրենյան (ՀՀ ՊՆ տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատար) - Հաշվի առնելով արդեն իսկ իրականացված վարժական հավաքների փորձը, արդյունքները, կարելի է արձանագրել, որ բոլոր մեր քաղաքացիները՝ պահեստազորայինները, շատ ըմբռնումով են մոտենում, գիտակցաբար, պատրաստակամ են և նաև կարգապահ:
Ուզում եմ նշել արդեն իսկ ավարտած ստորաբաժանումների մասին, որոնք որ կատարել են իրենց մարտական խնդիրը բոլոր զորամասերում, որտեղ ընդգրկվել են, բոլոր հրամանատարները ընդգծում են բարձր պատրաստվածություն, կազմակերպվածություն, մի խոսքով՝ արդյունավետ է ամեն ինչ:
Գնդապետ Սուրենյանի խոսքով, օրենսդրական մի շարք փոփոխություններից հետո, երբ հավաքների օրերը կրճատվեցին, և պահեստազորայինների գործատուները լրացնում են ՊՆ վճարած գումարի ու ամսական աշխատավարձի տարբերությունը, ակտիվությունը տեսանելի է:
Սուրեն Սուրենյան - Իմ կարծիքով՝ երևի յուրքանչյուր քաղաքացի հասկանում է, որ պետք է պատրաստ լինի ցանկացած պահի զենքը վերցնելու և պաշտպանելու հայրենիքի սահմանները, իսկ այդ պատրաստությունը, իր ուժերին վստահություն տալու համար միակ ձևը վարժական հավաքներն են:
Այս դասընթացներին կհաջորդի հավաքների երկրորդ մասը՝ սահմանի պաշտպանությունը: Պահեստազորայինները հավաքի մյուս երկու շաբաթվա ընթացքում կիրականացնեն մարտական հերթապահություն: