ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեն հայտարարություն է տարածել:
«Տեղեկացնում ենք, որ մարտից սկսած՝ գների վերահսկման աշխատանքների արդյունքներով Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից՝
• հարուցվել է 92 վարչական վարույթ,
• ներկա պահին վարույթ է ընթանում 26 տնտեսվարողի մասով,
• կիրառվել է ընդհանուր 6,000,000 դրամի տուգանք,
• կասեցվել է մեկ տնտեսվարողի տնտեսական գործունեություն,
• ինչպես նաև երկրորդ անգամ խախտում է հայտնաբերվել երկու տնտեսվարողի մոտ, որոնց տնտեսական գործունեությա կասեցման որոշումները ուղարկվել են ծանուցման։
Բացի նախընթաց ժամանակաշրջանում շրջաններում կատարված ստուգումներից, վերջին օրերին, պետական նախարարի հանձնարարությամբ, իրականացվել են ստուգումներ նաև Մարտակերտ քաղաքում և շրջանի մի շարք համայնքներում, կազմվել է ընդհանուր 11 խախտման արձանագրություն և հարուցվել վարչական վարույթներ։
Տեղեկացնում ենք նաև, որ անկախ այն հանգամանքից, որ Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ շրջանների համայնքներում վարչակազմերի և համայնքապետարանների կողմից պետք է իրականացվի վերահսկողական գործառույթ, Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեն, որպես հանրապետական վարչական վարույթ իրականացնող լիազոր մարմին, զուգահեռ պարբերաբար շարունակելու է իրականացնել ստուգումներ նաև շրջաններում, և հայտնաբերված բոլոր խախտումների մասով շարունակելու ենք հարուցել վարչական վարույթներ` կայացնելով օրենքով սահմանված համարժեք վարչական որոշումներ։
Կարևորելով նաև հանրային վերահսկողության մեխանիզմը՝ հորդորում ենք քաղաքացիներին՝ հաստատված գնացուցակի խախտումներ նկատելու դեպքում զանգահարել 5099 կամ 047960124 հեռախոսահամարներին»: