Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածուի ընտրության քննարկումն Ազգային ժողովում վեճի և քաշքշուկի վերածվեց: Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել է երեք թեկնածու՝ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ Ելիզավետա Դանիելյանին, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանին և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին: Հենց դատավոր Դանիելյանին էր առնչվում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթը, որին հաջորդեց քաշքշուկը: Պատգամավորը, որը 2021-ին մեղադրվում էր պաշտոնեական փաստաթուղթ կեղծելու համար, մեղադրեց Արմեն Դանիելյանին կալանքի ապօրինի որոշում կայացնելու համար:
Արթուր Սարգսյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Շատ եմ մտածել ու հասկացել եմ՝ դուք իմ լսելու իրավունքը չեք ապահովել, որովհետև տղամարդկություն չեք ունեցել նայել իմ աչքերի մեջ և կալանավորել:
Ալեն Սիմոնյանի արձագանքը
Արթուր Սարգսյանը ելույթն ավարտելուն պես շարժվեց դատավորի ուղղությամբ, ըստ պատգամավորի՝ դատավորի աչքերին նայելու համար: Նրանց արանքում հայտնվեց առաջին շարքում նստած կառավարող ուժից Հովիկ Աղազարյանը:
Արդեն նիստերի դահլիճից դուրս վիճաբանություն եղավ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և անվտանգության աշխատակիցների միջև:
Արդեն ճեպազրույցներում ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը շեշտեց, որ միջադեպի մեղավորը Հովիկ Աղազարյան է:
Իշխան Սաղաթելյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Պատգամավորի ելույթից հետո խուժաններից մեկն ասում է՝ վե՛ր ընկի տեղդ, դուխից են խոսում, զորքին ասում են՝ մտեք ներս:
Ընդդիմադիրների մեղադրանքներին արձագանքեց Հովիկ Աղազարյանը, պնդելով՝ պարզապես ասել է՝ այստեղ թատրոն չէ, նստե՛ք ձեր տեղը:
Հովիկ Աղազարյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Թատերական կերպով ինքը ամբիոնից իջավ, կանգնեց, նայեց դատավորին, ասեց՝ նայի՛ իմ աչքերին, ես էլ նստած եմ անմիջապես իր դիմաց, պարտավոր եմ իմ ուժերի ներածին չափով հարգել ինստիտուտը և դիտողություն արեցի: Հայհոյանք չի եղել:
ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՍԱԴՐԱՆՔ ԷՐ. ՍԻՄՈՆՅԱՆԸ՝ ԱԺ-ՈՒՄ ՄԻՋԱԴԵՊԻ ՄԱՍԻՆ
Արդեն դահլիճում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախազգուշացում հայտարարեց թե՛ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին, թե՛ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին: Խորհրդարանի նախագահը շեշտեց՝ զուտ նախազգուշացնում է՝ իրավիճակն ավելի չլարելու համար:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Բայց ուզում եմ իմ գնահատականը տալ: Սա կազմակերպված սադրանք էր, և ես շատ ուրախ եմ, որ մենք այս սադրանքին չտրվեցինք: Օրինակ՝ դահլիճում հայտնվեց մի պատգամավոր, որը դահլիճում գրեթե չի հայտնվում՝ Իշխան Սաղաթելյանը՝ իմ նախկին տեղակալը, քաջալերեց Արթուր Սարգսյանին, որ դուխով ելույթ ունենա: Ակնհայտ էր իմ համար, որ սադրանք է նախապատրաստվում: Արթուր Սարգսյանը որոշեց մոտենալ դատավորին, որն անելու իրավունքը ինքը, ըստ իս, չունի: Ելույթ ունենալու տեղը ամբիոնն է: Իսկ եթե ուզում է մեկի աչքերին նայել, ինձ համար, անկեղծ ասած, անհասկանալի: Հետո բոլորով որոշեցին հարձակվել 63 տարեկան պարոն Աղազարյանի վրա:
3 ԹԵԿՆԱԾՈՒ՝ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱԼԱՏԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ
Թեև թեկնածուները 3-ն էին, բայց ամբողջ նիստի ընթացքում հիմնականում հնչեց Արմեն Դանիելյանի անունը՝ ընդդիմադիրները նրան մեղադրեցին քաղաքական հրահանգներ կատարելու համար:
Արեգնազ Մանուկյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Մարդ, ով ամենացածր վարկանիշ ունեցող դատավորներից է, մարդ, ով, ըստ տարածված կարծիքի՝ դակում է այն որոշումները, որոնք նախապես կայացնում է Նիկոլ Փաշինյանը, մարդ, ով բոլոր իշխանությունների օրոք է փորձել հաճոյանալ նրանց։
«Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանն արձագանքեց, պնդեց՝ ընդդիմադիրները թեկնածուների մասնագիտական կարողությունները չէ, որ քննարկեցին, նրանց խոսքի հիմքում ընդամենը մեկ վճիռ է:
Վահագն Ալեքսանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Կան առաջադրված երկու դատավորներ, որոնցից մեկը կոնկրետ գործի շրջանակում ամբաստանյալ Քոչարյանին կալանքի որոշում է տվել, կա մեկ ուրիշը, որ կալանքի որոշումը փոխարինել է գրավով։ Մեր ընդդիմադիր գործընկերները իրենց ողջ քաղաքական, մտավոր, գիտական ու բոլոր հնարավոր գործառույթները փորձեցին ներդնել միայն մեկ բանի վրա, թե ինչ լավն է այն դատավորը, որ Քոչարյանի կալանքը փոխել է գրավով, և ինչ վատն է այն դատավորը, որ Քոչարյանին կալանավորել է: Դանիելյանն իրենց առաջնորդին տվել է կալանքի որոշում, վե՛րջ, չարիք է այս մարդը, եկեք ոչնչացնենք։
Օրենսդիրը դատավորի ընտրության հարցի քննարկումը չավարտեց, կշարունակի վաղը:
Հեղինակ՝ Անի Օհանյան