Ալմա Աթայի հռչակագիրը ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց ՀՀ վարչապետը՝ անդրադառնալով ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասով արձագանքին, թե սուտ է, որ ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
«Ինչ դուք ինձ ասացիք, ինձ համար շատ զարմանալի է, որովհետև հենց նույն Ալմա Աթայի հռչակագիրը, որով մենք առաջնորդվում ենք, ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Եվ հռչակագիրն ունի մի իմաստ, որ երկրներն ընդունում են, որ գոյություն ունեցող, այսինքն՝ ադմինիստրատիվ սահմանները դառնում են պետական սահմաններ, և այդ սահմաններն անխախտելի են»,- ասաց Փաշինյանը և հիշեցրեց, որ այդ փաստաթուղթը վավերացվել է խորհրդարանի կողմից, և վերջինիս վավերացման ժամանակ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր են եղել նաև Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը:
Նիկոլ Փաշինյանը մեջբերեց նաև Տեր-Պետրոսյանի՝ այդ օրերի հարցազրույցներից մեկից մի հատված, որի շրջանակում ՀՀ առաջին նախագահն ասել էր. «Ռուսական ինքնավարությունների կարգավիճակն այսօր այնպիսին է, որ, կարծում եմ, այն լիովին կբավարարեր Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Եվ ավելին չենք էլ ուզում»:
Մեջբերումից հետո Փաշինյանը հռետորական հարց տվեց. «Հիմա իրենք ասում են՝ անկախությո՞ւնն է իրենց քաղաքական պայքարի նպատակն ու իմաստը»: