ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հերքեց ադրբեջանական մամուլում տարածված տեղեկությունը, թե հայկական կողմը ադրբեջանական սադրանքի ընթացքում կիրառել է իրանական ԱԹՍ-ներ:
«ՊՆ-ն հերքել է այս տեղեկատվությունը ու նշել, որ մեր սպառազինության մեջ նման զինատեսակ գոյություն չունի, բայց այս ապատեղեկատվությունը շարունակությունն է նաև հայտնի Սու-30-ների մասին ապատեղեկատվության, երբ նշվում էր, որ ՀՀ ԶՈՒ-ին պատկանող ինքնաթիռները տրվել են այլ երկրի»,- ասաց Սուրեն Պապիկյանը:
Նա անդրադարձավ նաև ադրբեջանական մեկ այլ տեղեկության, թե վերջին օրերի լարված իրավիճակներում հայկական կողմը կիրառել է ֆրանսիական ԱԹՍ-ներ, և նշեց, թե ադրբեջանական կողմն այս հարցում ինքն իրեն հերքել է:
«Երբ մայիս ամսին տեղի ունեցան իրադարձություններ Սոթքում, առաջին իսկ օրը նախապատրաստական ապատեղեկատվությունն այնպիսին էր, որ հայկական կողմը շարունակում է օգտագործել իրանական ԱԹՍ-ներ, այնուհետև, իրենք իրենց իսկ հերքելով՝ հաջորդ օրը բոլորին ներկայացրին, որ իրենց տարածքում հայտնաբերվել են հայկական արտադրության ԱԹՍ-ների մնացորդներ, իսկ արդեն հաջորդ օրը ԱԹՍ-ները դարձան ֆրանսիական, ու, իբր, դրանք օգտագործվում են ֆրանսիացի ինստրուկտորների միջոցով: Բնականաբար, սա հերթական ապատեղեկատվությունն է: Այո՛, ես պաշտոնապես դա հերքում եմ»,- ասաց նախարարը: