Ես հիմա այս ամբիոնից վերահաստատում եմ, որ ՀՀ-ը վերահաստատում է Բրյուսելում արձանագրված պայմանավորվածությունը, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետրը, և ակնկալում եմ, որ Ադրբեջանն էլ կվերահաստատի, որ ճանաչում է Հայաստանի 29.800 քառակուսի կմ-ը: Այդ մասին ԱԺ ամբիոնից արձագանքելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արձագանքելով քննադատություններին՝ վարչապետը նշեց, որ տարածքային ամբողջականությունը ճանաչվել է դեռ Ալմա Աթայի հռչակագրով, և պատասխանեց հարցին, թե ինչու է այսօր Հայաստանը ճանաչում այն կրկին ու կոնկրետ չափ նշում:
«Առաջինը՝ ճանաչել ենք 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը, երկրորդը՝ վերահաստատումն է Պրահայում Ալմա Աթայի հռչակագրի, երրորդ քայլը տարածքների կոնկրետ նշագրմամբ փոխադարձ ճանաչումն է Բրյուսելում: Հաջորդ քայլը՝ պետք է քարտեզի վրա ցույց տանք, որոշենք՝ որ քարտեզն է, որ արտահայտում է այդ տարածքը: Ընդ որում՝ այստեղ էլ ենք մի քիչ կիսաքայլ արել: Այստեղ մենք վերցնում ենք Խորհրդային Միության քարտեզները: Մեր դիրքորոշումն այն է, որ դրա համար հիմք պետք է ծառայեն 1975 թվականի Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզները, և պիտի ասեմ, ոնց որ թե հիմա կամաց-կամաց սա ոչ միայն մեր դիրքորոշումն է, այլև միջազգային էլի գործընկերներ սկսում են այդ խոսույթը որդեգրել և օգտագործել, ինչը ես համարում եմ շատ կարևոր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: