2022 ին անցկացված վարժական հավաքներից խուսափելու դեպքերով քննչական կոմիտեն 91 հաղորդում է ստացել, քրեական հետապնդում է հարուցվել 45 անձի նկատմամբ, 24 անձի վերաբերյալ քրեական վարույթները մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Մելսիկ Շիրվանյան (ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժնի պետ) - Մյուս քրեական վարույթների մեծ մասը կարճվել է օբյեկտիվ պատճառներով, մնացած մասով դեռևս նախաքննությունը շարունակվում է:
Այս տարվա առաջին 4 ամսում կայազորային քննչական բաժիններում ստացվել է վարժական հավաքներից խուսափելու առերևույթ դեպքերի առթիվ 69 հաղորդում, բոլորով նախաձեռնվել են քրեական վարույթներ, կատարվում է նախաքննություն: Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային բաժնի պետի խոսքով` վարժանքներից խուսափելու հիմնականում 3 եղանակ է կիրառվում: Մի դեպքում, ստանալով ծանուցագիրը` տեղում հրաժարվում են ստորագրել այն, ինչը արձանագրվում է զորահավաքային և զորակոչային հանձնաժողովի համապատասխան աշխատակցի կողմից, հետագայում հաղորդմանը կից ուղարկվում է վարույթն իրականացնող մարմնին:
Մելսիկ Շիրվանյան - Լինում են դեպքեր, որ անձին ներկայացվում է ծանուցում` վարժական հավաքին ներկայանալու, անձը ստորագրում, ստանում է, բանավոր համաձայնություն տալիս, որ անպայման կներգրավվի, սակայն նախանշված օրը չի ներկայանում կամ, եթե ներկայանում էլ է տարածքային ստորաբաժանում, հրաժարվում է մասնակցել միջոցառումներին, որ նախորդում են վարժական հավաքին՝ կլինի դա բժշկական հետազոտություն կամ այլ հաշվառման աշխատանքներ և այլն, և այդտեղ է ֆիքսվում անձի հրաժարումը վարժական հավաքներից:
Մելսիկ Շիրվանյանի խոսքով՝ 3-րդ և դեռևս համեմատած ավելի քիչ տարածում ստացած նոր եղանակը այնպիսի ընկերություններում կամ հիմնարկ ձեռնարկություններում որպես վարձու աշխատող ձևական գրանցվելն է, որոնց աշխատակիցներն օրենքի ուժով ենթակա չեն ներգրավման վարժական հավաքների՝ պայմանավորված աշխատանքի բնույթով:
Մելսիկ Շիրվանյան - Այդ փաստերով արդեն իսկ ունենք հարուցած 7 քրեական վարույթներ, ընդ որում` այստեղ կարող է առաջանալ ինչպես հավաքներից խուսափելու համար, այնպես էլ համապատասխան հիմնարկի տնօրենի` որպես այդ արարքին օժանդակողի քրեական պատասխանատվության հարցը:
Վարժական հավաքից խուսափելը՝ այդ վարժական հավաքից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում, ըստ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի, պատժվում է մինչև 2 տարի ազատազրկմամբ: Մելսիկ Շիրվանյանը հիշեցնում ու հորդորում է վարժական հավաքներին ներգրավման ենթակա արական սեռի քաղաքացիներին զերծ մնալ դրանցից խուսափելու տարատեսակ եղանակներից և դրան անխուսափելիորեն հետևող քրեական պատասխանատվությունից: