Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին այցելել է Հայաստանի պատմության թանգարան:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ նրան ուղեկցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը:
Դավիթ Պողոսյանը ողջունել է հյուրերին և նշել, որ թանգարանն արտացոլում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը՝ նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը՝ շուրջ չորս հարյուր հազար հավաքածուների նմուշներով կամրջելով անցյալն ու ապագան։
Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել հնագիտական, դրամագիտական, ազգագրական հավաքածուներին: Նա մեծ հետարքրքությամբ դիտել է հայ հնագույն մշակույթն արտացոլող ցուցանմուշները և նշել, որ տպավորված է հայկական մշակույթով: Լեո Դոքերթիին հատկապես հիացրել է գորգերի սրահը՝ հայկական գորգարվեստին բնորոշ յուրահատուկ հորինվածքներով և զարդապատկերներով գորգերի և կարպետների շքեղ հավաքածուով:
Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը համառոտ անդրադարձել են համագործակցության հեռանկարներին: Ալֆրեդ Քոչարյանը տեղեկացրել է, որ 2027-2028 թթ. նախատեսվում է ցուցադրություն կազմակերպել Հայաստանի պատմության և Բրիտանական թանգարանների սերտ համագործակցությամբ: Ցուցադրության վերաբերյալ մանրամասները դեռևս քննարկման փուլում են:
Նշենք, որ Բրիտանական թանգարանում այժմ ցուցադրվում են Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշներ՝ «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրի ներքո: Ցուցադրությունը ներառում է Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը, կավե ցլակերպ ծիսանոթը (Ք․ա․ VI-V րդ, դդ․), Էրեբունիից հայտնաբերված արծաթյա հեծյալի ծիսանոթը (Ք․ ա․ VI-IV-րդ դդ․), Արտաշատից գտնված կավե արջակերպ ծիսանոթը (Ք․ ա․ I դ․): Այն բաց կլինի մինչև 2023 թ. օգոստոսի 13-ը։