Մգեցրած ապակիների արգելքի թարմացումը բարկացրել է վարորդներին։ Թաղանթապատել են, որ արևին քշելը հեշտ լինի, նաև՝ սիրուն է՝ բացատրում են լուսաթափանցելիության ստուգման եկած մեքենայատերերը։
Վարորդ - Ես, օրինակ, նայեք՝ արել եմ դիմացը էն թուլության, որ տեսանելիությունը լավ է միջից․․․
Աչքի համար գուցե լավ է, բայց պարեկների սարքը ցույց տվեց անհրաժեշտ 70-ի փոխարեն ընդամենը 43 տոկոս տեսանելիություն։
Վարորդ - Պիտի հանենք. դե, ինչպես բոլոր օրենքները՝ այլ ճար չկա:
Չտուգանվելու համար մինչև հունիսի 1-ը կողային ապակիների թաղանթը պետք է պոկի նաև ստուգվող հաջորդ մեքենան։
Եթե արգելող օրենքը 2005 թվականից ընդունված է, ինչո՞ւ են թողնում թաղանթը Հայաստան ներկրեն, որ իրենք էլ գայթակղվում՝ փակցնում են, սրտնեղել է նկարահանվել չցանկացող այս վարորդը։
Վարորդ - Բերել են, չէ՞, թույլատրել են, որ բերեն, քաշեն մեքենաների վրա:
Մինչև հիմա ինչ եղել-եղել է․․․ Հունիսի 1-ից Պարեկային ծառայությունը ստուգելու է մեքենաների դիմացի և կողային ապակիների լուսաթափանցելիությունը․ այն պետք է լինի առնվազն 70 տոկոս։ Խախտման դեպքում տուգանքը՝ 25 հազար դրամ է։ Որպեսզի վարորդները չասեն՝ չգիտեինք մերը քանի տոկոս է, այսպես ասած, ռեյդից առաջ պարեկները մարդկանց օգնում-ստուգաչափում են անում։
Դավիթ Հակոբյան (ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայութան կազմակերպման բաժնի պետ) - Երկուշաբթիից մեկնարկել է մգեցված ապակիների ստուգումը քաղաքացիների համար Երևանում և այն մարզերում, որտեղ պարեկային ծառայությունը կա:
Նախարարության հայտարարությունում գրված է՝ որ օրը որտեղ են պարեկները նախնական ստուգում իրականացնում։ Կոնկերտ սա մայրաքաղաքի Շահումյան հրապարակն է, որտեղ մեքենաներն իրար հերթ չտալով մոտենում են լուսաթափանցելիություն չափելու։
Ոչ միայն թաղանթը տեղում պոկելը տուգանքից չի ազատի, այլև՝ չի աշխատի վարորդների այն հնարամտությունը, թե՝ ամառ է, ապակիներն իջեցրած կքշեմ։ Բարձրացնելու են, նայեն՝ զգուշացնում են պարեկները։ Ե՛վ երթևեկության մեջ, և՛ երկու օրվա ստուգման արդյունքներով խախտում ունեցողները շատ են։
Վլադիմիր Դերձյան (ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության 3-րդ պարեկային գումարտակի 2-րդ վաշտի պարեկ) - Թույլատրելի սահմանից բարձր երևի թե 50 տոկոսից ավելի:
Մարդ կար՝ այնքան նյարդայնացավ, ապակուն ավելացրած շերտը տեղում պոկեց։ Պոկված թաղանթով մեկ ուրիշ վարորդ էր ստուգման ընթացքում անորոշության մեջ հայտնվեց։
Վարորդներն իրավիճակից դժգոհ, բայց հանգիստ էին։ Սրտի մխիթարանք՝ պարեկներին առաջարկեցին նաև իրենց ծառայողական մեքենայի ապակին ստուգեն։
Վարորդ - Այսինքն՝ ձեր մոտ էլ է խախտում. 3-5 տոկոս կարող ենք ավելացնել, և ոչ մի խնդիր:
Սարքի սխալանքով՝ ամեն ինչ նորմայի սահմաններում է՝ տեխնիկական պարամետրերը ցույց տվեց պարեկը։
Պարեկ - Սկսած լուսաթափանցելիության չափից՝ բոլոր տեխնիկական սարքերը ստուգվում են, նոր պարեկները դուրս են գալիս ծառայության:
Մեր նկարահանման ընթացքում ստուգված մեկ տասնյակից ավելի մեքենաներից միայն մեկը խնդիր չուներ։
Ապակիների լուսաթափանցելիության բուն ստուգումները կսկսվեն հունիսի 1-ից։