ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, նույն խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը մայիսի 23-ին հյուրընկալել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիին, Արևելյան հարևանության թիմի ղեկավար Զակ Հենշո-քինին եւ Օլիվեր Ֆելանին:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ հանդիպմանը մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը:
Կողմերն արձանագրել են երկու երկրների միջև ջերմ բարեկամական կապերը, կարևորել միջխորհրդարանական, ինչպես նաև անվտանգային ոլորտում համագործակցությունը:
Անդրադարձ է եղել «Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդում» ծրագրին, մտքեր են փոխանակվել էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումների, խորհրդարանական և հետօրենսդրական վերահսկողությանը վերաբերող հարցերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրել հնարավոր գործակցության ոլորտները՝ համատեղ նախագծեր մշակելու և անվտանգային խնդիրները նոր ուղիներով լուծելու նպատակով: