Նախորդ տարի Հայաստանում 1160, իսկ այս տարի արդեն մոտ 4100՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխա օգտվում է խնամքի ցերեկային ծառայություններից: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության այս ծրագրի նպատակը երեխայի մոտ ինքնուրույն և անկախ կյանք վարելու հմտությունները զարգացնելն է, նաև մասնագիտացված որոշ ծառայություններ մատուցելը: Կենտրոններում ընտրվում են այն ծառայությունները, որոնց կարիքն ունի երեխան: Թիմում ընդգրկված են սոցաշխատող, սոցիալական մանկավարժ, հոգեբան, լոգոպետ: Տարբեր խմբակների միջոցով նաև թերապևտիկ նշանակություն ունեցող զբաղվածության ծառայություններ են մատուցվում, օրինակ՝ գորգագործություն, կավագործություն, նկարչություն, ձեռքի աշխատանք, համակարգչային դասընթացներ, անհրաժեշտության դեպքում կրթական բացթողումներն են վերականգնում:
Քրիստինա Հովհաննիսյան (ՀՀ ԱՍՀՆ հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ) - ՀՀ-ում գործում են 6 պետական, ոչ առևտրային կազմակերպություններ, որոնք ցերեկային խնամքի ծառայություններ են տրամադրում երեխաներին և՛ մարզերում, և՛ Երևանում: Հստակ պատկերացնելով, որ քանակը քիչ է, մենք նաև ամեն տարի՝ 2020-ից սկսած, հայտարարում ենք դրամաշնորհային մրցույթներ, որոնց դիմաց արդեն հկ-ները, որոշակի չափորոշիչների և չափանիշների համապատասխանելու դեպքում, շահում են մրցույթը և ամբողջ տարվա ընթացքում ծառայություններ են մատուցում պետական դրամաշնորհների միջոցների հաշվին:
Այս տարի 24 հասարակական կազմակերպություն է տրամադրում նման ծառայություններ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը այս տարվա համար հատկացրել է շուրջ 500 մլն դրամ։ Դիմող կազմակերպությունն է որոշում, թե հատկացված գումարը ինչպես է ծախսելու: Յուրաքանչյուր տարի նախարարությունում վերանայվում է և՛ բյուջեն, և՛ շահառուների թիվը: 2022-ին, օրինակ, 190 մլն դրամ է եղել:
Քրիստինա Հովհաննիսյան - Մեր գործընկեր կազմակերպությունները, որոնք ծառայություններ են տրամադրում, ևս մի կարևոր գործառույթ ունեն արդեն 2023-ից սկսած, երբ որ իրենց դրամաշնորհի շրջանակներում ծառայությունների կոնտեքստում ակտիվ համագործակցում են նաև շուրջօրյա խնամքի հաստատությունների հետ, որպեսզի հնարավորության պարագայում աշխատեն երեխաներին ընտանիքների հետ վերամիավորելու ուղղությամբ:
Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնում այս պահին տարբեր ծառայություններից 100 երեխա է օգտվում: Դիմողներ էլի կան, սակայն հաշվի է առնվում երեխային ծառայություն մատուցելու հրատապությունը:
Գայանե Ասատրյան (ՀՀ ԱՍՀՆ «Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ) - Նախնական պլանավորվում է 6 ամսից 1 տարվա կտրվածքով, խնդիրների հաղթահարման չափից և հնարավորություններից արդեն բխում է հետագա աշխատանքների ավարտի կամ շարունակման վերաբերյալ որոշումը:
Կենտրոններում աշխատանք տարվում է նաև այդ երեխաների ծնողների հետ, քանի որ, մասնագետների համոզմամբ, շատ դեպքերում խնդիրների հիմնական պատճառները հենց ընտանիքում են:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան