ՄՈՍԿՎԱՆ ՀԱՅՏՆԵԼ Է ԲԵԼԳՈՐՈԴԻ ԻՆՏԵՆՍԻՎ ԳՆԴԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ուկրաինայի զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը մտել է Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի շրջանի տարածք։ Այսօր առավոտից շրջանը մի քանի ժամ ենթարկվել է ինտենսիվ գնդակոծության, կան վիրավորներ, հայտարարել է ՌԴ սահմանամերձ շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերը, ինչպես նաև ազգային գվարդիան և Անվտանգության դաշնային ծառայությունը միջոցներ են ձեռնարկում դիվերսանտներին չեզոքացնելու համար։
Անդրադառնալով թեմային` Կրեմլից մեկնաբանել են, որ դիվերսիայի միջոցով Կիևը փորձում է նվազագույնի հասցնել Բախմուտի կորստի քաղաքական էֆեկտը: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ ՊՆ-ն, Անվտանգության դաշնային և Սահմանային ծառայությունները Վլադիմիր Պուտինին զեկուցել են դիվերսանտների ներթափանցման մասին։
Լրատվամիջոցները հայտնում են, որ Բելգորոդի մարզից տարհանում են բնակչությանը: Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գլխավոր վարչությունից, սական, հայտարարել են, որ Բելգորոդ քաղաքի բնակիչների տարհանման մասին տեղեկություններով չեն համապատասխանւմ իրականությանը:
Պաշտոնական Կիևը հերքել է իր առնչությունը Բելգորոդի մարզում տեղի ունեցողին։ Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովն էլ հայտնել է, թե Բելգորոդի մարզում գործում են «Ազատ Ռուսաստան» և «Ռուսական կամավորական կորպուսի» զինյալները, որոնք ՌԴ քաղաքացիներ են։ Ըստ Յուսովի` նրանք փորձում են անվտանգության գոտի ստեղծել սահմանամերձ ուկրաինական բնակչության համար։
ՇՈՒՏՈՎ ԵՄ-Ն ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ F-16 ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ. ԲՈՐԵԼ
Ուկրաինայի զինված ուժերի կողմից ամերիկյան F-16 կործանիչներով Ղրիմի տարածքին հնարավոր հարվածները Մոսկվայի կողմից կդիտվեն որպես հարձակում Ռուսաստանի շրջաններից մեկի վրա, հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։ Դեսպանի խոսքով՝ դա ստիպում է մտածել հակամարտությունում ՆԱՏՕ-ի ապագա ներգրավման հնարավորության մասին:
«Նման քայլերը ևս մեկ անգամ հստակ ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգները երբեք շահագրգռված չի եղել խաղաղությամբ»,- պարզաբանել է Անտոնովը։
Ավելի վաղ CNN հեռուստաալիքի հետ հարցազրույցում ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը որևէ սահմանափակում չի ներկայացրել Ուկրաինային ամերիկյան զենքով Ղրիմին հարվածելու համար:
«Մենք ասել ենք, որ թույլ չենք տա Ուկրաինային ամերիկյան և արևմտյան զենքերով հարվածել Ռուսաստանին: Բայց մենք որևէ սահմանափակում չենք հաստատել Ուկրաինայի համար իր միջազգայնորեն ճանաչված տարածքներին հարվածելու համար: Իսկ Ղրիմը Ուկրաինայի մաս է»,- նշել էր Սալիվանը:
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը նշել է նաև, որ Միացյալ Նահանգները դեռ վերջնական որոշում չի կայացրել F-16 կործանիչներն Ուկրաինային փոխանցելու վերաբերյալ: Դեռևս որոշված չէ` դա կանի Պենտագո՞նը, թե՞ ԱՄՆ դաշնակիցները՝ եվրոպական երկրներից։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից առաջ հայտարարել է, որ Եվրամիությունը շուտով կկարողանա Ուկրաինային մատակարարել F-16 կործանիչներ։ Բորելի խոսքով՝ ԵՄ-ն ողջունում է ուկրաինական զորքերին F-16 կործանիչներ մատակարարելու G7-ի որոշումը։
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ԵՎ ԵՄ-Ն ԿՈՒԺԵՂԱՑՆԵՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հարավային Կորեան և Եվրամիությունը պայմանավորվել են ուժեղացնել համագործակցությունը անվտանգության ոլորտում՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման և Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքների ֆոնին:
Սեուլում անցկացված գագաթնաժողովում Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելի պայմանավորվել են միասին աշխատել կլիմայի փոփոխության, առողջապահության և մատակարարման շղթաների ոլորտներում:
Մասնակիցները համատեղ հայտարարությամբ դատապարտել են Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա: Նրանք նաև քննադատել են Հյուսիսային Կորեայի շարունակական ջանքերը՝ զարգացնելու միջուկային զինանոցը և Փհենյանի սպառնալիքները Հարավային Կորեայի դեմ միջուկային զենքի հնարավոր կիրառման վերաբերյալ:
ՌԴ ԴԵՄ ԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՈՐ ՓԱԹԵԹԸ ԿՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԻ ՀՈՒՆԻՍԻՆ
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր՝ տասնմեկերորդ փաթեթը պետք է համաձայնեցվի հունիսին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան՝ Բրյուսել ԱԳ նախարարների խորհրդում ժամանելուն պես: Նրա խոսքով՝ փաթեթը դեռ տեխնիկական և իրավական քննարկման փուլում է:
Կատրին Կոլոնան ընդգծել է, որ նոր սահմանափակումների վերաբերյալ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել, սակայն, ըստ դիվանագետի, ԵՄ-ի ներսում լուրջ տարաձայնություններ չկան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի և Ուկրաինային ռազմական օգնության վերաբերյալ:
ՄԻՑՈՏԱԿԻՍԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՔԵԼ Է ՁԱՅՆԵՐԻ 41 %-Ը
Հունաստանի գործող վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը առաջատար է խորհրդարանի ընտրության արդյունքներով: Այն հավաքել է ձայների 41 %-ը, ինչը, սակայն, բավարար չէ միայնակ կառավարություն ձևավորելու համար. կուսակցությանն ընդամենը 5 մանդատ է պակասում խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար:
Երկրի նախագահի հետ հանդիպման ժամանակ Միցոտակիսը հայտարարել է, որ հրաժարվում է կոալիցիոն կառավարություն ձևավորելու գաղափարից և պատրաստ է խորհրդարանի ընտրության երկրորդ փուլին:
Հունաստանի գործող վարչապետը վստահություն է հայտնել, որ երկրորդ փուլի արդյունքում իր կուսակցությունը բացահայտ հաղթանակ կտանի:
ՕՂԱՆԸ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԿԱՋԱԿՑԻ ԷՐԴՈՂԱՆԻՆ
Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու, «Աթա» դաշինքի կողմից առաջադրված Սինան Օղանը հայտարարել է մայիսի 28-ին կայանալիք նախագահի ընտրության երկրորդ փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցելու մասին: Նա իր աջակիցներին կոչ է արել իրենց քվեն տալ գործող նախագահին։
Ադրբեջանական ծագում ունեցող, ազգայնական հայացքներով հայտնի Սինան Օղանը մայիսի 14-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում ստացել է ձայների 5,2 տոկոսը։ Ավելի վաղ քաղաքական գործիչն արդեն հայտարարել էր մի շարք պայմաններ, որոնցից կախված կլինի երկրորդ փուլում այս կամ այն թեկնածուին սատարելու իր որոշումը։ Դրանց թվում էին՝ փախստականներին երկրից վտարելը, քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» գործունեության սահմանափակման պահանջները և այլն։
ՊԱՊՈՒԱՇՎԻԼԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՌԴ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ
Ցանկացած գործողություն՝ կապված վիզաների ընդունման, սահմանի փակման, թռիչքների արգելման հետ, պատժամիջոց է, ինչը ենթադրում է, որ երկիրը պատրաստվում է էսկալացիայի գնալ Ռուսաստանի հետ, այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Նրա խոսքով` եթե Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն, ապա ակնկալվում է, որ կլինեն պատասխան միջոցներ, որոնք, ի վերջո, կսպառնան երկրի անվտանգությանը։
«Վրաստանի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը չի համապատասխանում մեր երկրի շահերին»,- շեշտել է Վրաստանի խորհրդարանի նախագահը: