ԿԳՄՍՆ-ն առաջարկում է հստակեցնել զորակոչից տարկետում ստանալու գործընթացը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը Ազգային ժողովում ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ փորձ է արվում բարելավել վարչարարությունը, բարելավել տարկետման ընթացակարգը:
Նախարարը նշեց, որ փոփոխությունների նպատակն է չվտանգել դպրոցում, քոլեջում, ուսումնարանում սովորողի անընդհատ ուսումնառության իրավունքով պայմանավորված տարկետման տրամադրումը։
«Պատկերացրեք, որ ունենք սովորող, որի 18 տարին լրացել է, և նա արդեն անցել է անհրաժեշտ նախազորակոչային ստուգումները և ունի տարկետում բժշկական հիմքով՝ առողջական վիճակից ելնելով, և միաժամանակ դեռևս դպրոցում է՝ չի ավարտել այն։ Եվ երբ 19 տարին լրանում է, օրինակ, նրան տրվել էր տարկետման հնարավորություն, այնուհետև կրթության հիմքով տարկետում տալը բարդություն է առաջացնում, որովհետև օրենքի այս պահի ձևակերպումը հիմք դիտում է միայն կրթությունը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ նախկինում եթե մարդուն առողջական հիմքով տրվել էր տարկետում, նա արդեն զրկվում էր կրթության հիմքով տարկետում ստանալու իրավունքից:
Նախարարը նաև առաջարկեց նախագիծը քննարկել հատուկ ընթացակարգով, որպեսզի փոփոխությունները կիրառվեն նաև այս ամառային զորակոչի ընթացքում: