Ազգային ժողովը մայիսի 23-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ Կառավարության հեղինակած ««Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է շատ երկրներում, այդ թվում` Հայաստանում, փոխվարչապետների գործառութային և արարողակարգային ավելի մեծ դերակատարումը և այցերը պատշաճ մակարդակով ու օպերատիվ կազմակերպելու հանգամանքով: Գործադիրն առաջարկում է այցերի հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացնել պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվության հիման վրա` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանային շերտում սահմանային գետի գետաողողատներից ավազի արդյունահանում իրականացվող ընդերքօգտագործողի կողմից տվյալ գետի հունից ավազի արդյունահանման դեպքում ընդերքօգտագործման իրավունքը լիազոր մարմնի որոշմամբ կասեցնել մինչև վարչական իրավախախտման վերաբերյալ գործով կայացված որոշումն ուժի մեջ մտնելը: Ընդ որում՝ ընդերքօգտագործման իրավունքը կասեցնելու վերաբերյալ լիազոր մարմնի որոշումը ենթակա է անհապաղ կատարման: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի խոսքով ընդերքօգտագործման իրավունքը կասեցնելու նպատակով ազգային անվտանգության ապահովման բնագավառի լիազոր մարմինը կամ ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը լիազոր մարմնին է ներկայացնում համապատասխան գրություն` հիմնավորող փաստաթղթերով: Լիազոր մարմինը փաստաթղթերն ուսումնասիրում և ընդերքօգտագործման իրավունքը կասեցնելու վերաբերյալ որոշումն ընդունում է դրանք ստանալուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում: Նախագծերի փաթեթի ընդունմամբ կկարգավորվեն ափապաշտպան արգելապատնեշների կառուցման համար գետի ավազն օգտագործելու նպատակով միանգամյա թույլտվության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը տեղեկացրել է, որ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ տեղի են ունեցել տարբեր ձևաչափերով քննարկումներ: Ըստ հարակից զեկուցողի` հանձնաժողովի կարծիքով առաջարկվող կարգավորումները խնդրի լուծման համար բավարար չեն. օրենսդրական փաթեթը ստացել է բացասական եզրակացություն: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հիմնական զեկուցողին առաջարկել է նախագծերի փաթեթը քննարկումների փուլ տեղափոխելու առաջարկությամբ հանդես գալ: Նա կոչ է արել բոլոր պատկան մարմիններին դեռևս գործող կարգավորումների շրջանակում անել առավելագույնը, որպեսզի կանխվեն ավազի ապօրինի արդյունահանման դեպքերը, իսկ փաստացի կատարված դեպքերի մասով` իրականացվեն պատշաճ գործողություններ: Հանձնաժողովի նախագահի տեղակալը նաև տեղեկացրել է, որ տեսչական մարմինը խոշորամասշտաբ բացահայտումներ է արել, որի վերաբերյալ եղել են նաև պաշտոնական հաղորդագրություններ: «Այս փուլում, երբ ՀՀ-ում ընթանում են ծավալուն շինարարական աշխատանքներ շինանյութերի, այդ թվում` ավազի նկատմամբ պահանջարկը զգալիորեն մեծացել է: Մեծացել է նաև գայթակղությունն ավազն ապօրինի կերպով արդյունահանելը, ինչի հետևանքով ոչ միայն պետական բյուջեն է վնասվում, այլև շրջակա միջավայրին անդառնալի վնասներ են պատճառվում: Հուսով եմ` մենք միասին կկարողանանք ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ և արդյունավետ հաղթահարել»,- ասել է Բաբկեն Թունյանը:
«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ կստեղծվեն անհրաժեշտ օրենսդրական հիմքեր էլեկտրոնային եղանակով պայմանագրերի կնքման, կարգի և պայմանների, վավերականության և իրավաչափության վերաբերյալ: Նախատեսվող կարգավորումներով քաղաքացին այսուհետ առավել պաշտպանված կլինի էլեկտրոնային պայմանագրային հարաբերություններում:
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված օրենքով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի մեկնարկի ամսաթիվը` «2024 թվականի հունվարի 1-ը տեղափոխել սույն թվականի հունիսի 15»: Փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է եղել տվյալ դատարանի ձևավորման և իրագործման նախապատրաստական աշխատանքների ինտենսիվ կատարմամբ. դատարանի գործունեությունը պատրաստ է մեկնարկի:
«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է լրացնել առկա իրավական բացերը ու թերությունները: Իսկ Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործառույթները նախատեսվող փոփոխություններով կդառնան առավել արդյունավետ:
«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասինե օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվող իրավակարգավորումների անհրաժեշտությունը պայմանավորված է անձանց իրավունքների, օրինական շահերի, բարքերի և առողջության պաշտպանության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովմամբ: Հիմնական զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի խոսքով արտադրական կանեփի արտադրության, ներմուծման,արտահանման և մեծածախ առևտրի լիցենզավորման համար դիմած անձանց համար կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ առաջին ընթերցմամբ նախագիծը դրական եզրակացություն է ստացել, որից հետո տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: «Մինչև երկրորդ ընթերցում կային հարցեր, որոնք պետք է լրացուցիչ քննարկվեին, այդ իսկ պատճառով նախագիծը մեկ անգամ հետաձգվել է մինչև երկրորդ ընթերցում, սակայն կան որոշ դրույթներ, որոնք շարունակում են խնդրահարույց մնալ և պարզաբանման կարիք ունեն: Ցավոք, չենք հասցրել մինչև երկրորդ ընթերցում բոլոր հարցերը մանրամասն քննարկել: Նախագիծն ունի բարելավող ազդեցություն, սակայն պատգամավորների մոտ հարցեր են առաջացել` արդյո՞ք նոր կարգավորումներով լուծվում են ոլորտի զարգանալուն խանգարող խնդիրները և արդյո՞ք լրացուցիչ խնդիրներ կամ ռիսկեր չեն առաջանա: Հանձնաժողովի կարծիքով նախագիծը լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն ունի»,- ասել է հանձնաժողովի նախագահի տեղակալը: Հիմնական զեկուցողը հանդես կգա օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցման ռեժիմ վերադարձնելու առաջարկով:
««Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է փոստային կապի ոլորտի բարելավում, փոստային ծառայությունների մատուցման մեխանիզմների կարգավորում: Սահմանվել են փոստային կապի ծառայությունների մատուցման որակական չափանիշները, փոստային առաքումներին ներկայացվող պահանջների և փոստային ծառայությունների շուկայում գործելու կանոնները:
««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Տարածքային կառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը ներկայացնելով` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտնել է, որ փոփոխություններով նախատեսվում է մարզպետներին բաժնետիրական ընկերություններում հիմնադրի անունից հանդես գալու իրավասություն վերապահել:
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Լիլիթ Կիրակոսյանը:
««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ամրագրել, որ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները բնակիչներին կամ համատիրության անդամներին կարող են իրազեկումները, ծանուցումներն ու հաշվետվությունները ներկայացնել նաև էլեկտրոնային հարթակի միջոցով:
Նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:
««Հավատարմագրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հավատարմագրման ազգային մարմնի` եվրոպական և միջազգային հավատարմագրման կազմակերպություններին անդամակցության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրերում առկա որոշակի տարբերությունների (փոփոխությունների) հետ:
Փաթեթի ընդունմամբ ակնկալվում է հավատարմագրված Համապատասխանության գնահատման մարմինների (ՀԳՄ) կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ վստահության ապահովում, ԵԱՏՄ և միջազգային հավատարմագրման պահանջների ինտեգրում, Հայաստանի Հանրապետության հավատարմագրման ազգային մարմնի կողմից իրականացրած աշխատանքների ճանաչում եվրոպական ու միջազգային հավատարմագրման մարմինների կողմից` երկկողմ և բազմակողմ ճանաչման համաձայնագրեր կնքելու միջոցով:
Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո բովանդակային փոփոխություններ փաթեթում չեն իրականացվել:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փաթեթին դրական եզրակացություն է տվել:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը քննարկման է ներկայացրել նաև ««Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մաuին» օրենսդրական փաթեթը:
Նախատեսվում է, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում տեղական շուկայում սպառվող օրգանական գյուղատնտեսության արտադրանքի սերտիֆիկացումը կիրականացվի Համապատասխանության ազգային մարմնի կողմից համապատասխանության գնահատում ունեցող կազմակերպությունների միջոցով:
Փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է օրգանական գյուղատնտեսության արտադրանքի սերտիֆիկացման դաշտի ընդլայնում, ոլորտում մրցակցային հնարավորությունների ստեղծում, սերտիֆիկացման գործընթացի դյուրացում և բարելավում, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսությունների ընդլայնում և արտադրության ծավալների աճ, անհրաժեշտ վերլուծությունների իրականացում և քաղաքականության մշակման համար ամբողջական տվյալների առկայություն և դրանց հրապարակում, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ապրանքային շարժի փուլերում ներկայացվող պահանջների նկատմամբ խախտումների արձանագրում և կանխարգելում:
Այս փաթեթին ևս գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: