Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում Հայաստանը ձգտում է ապահովել 29.800 քկմ իր տարածքի ինքնիշխանությունն ու անվտանգությունը և Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը իրենց հողում: Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո Արցախում և Հայաստանում հնչած հայտարարություններին՝ ընդգծեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Արթուր Հովհաննիսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար) - Թող որևէ մեկին չթվա, որ Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունները կարող են մեկ քայլ անգամ անել, որը կփակի հնարավորությունը Արցախում ապրող հայ ժողովրդի իրավունքների կամ անվտանգության իրացման, կամ կփակի հնարավորությունը Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանցիներին դուրս շպրտելու և Հայաստանի 29 800 քկմ սուվերենությունն ու անվտանգությունն ապահովելու համար:
Արթուր Հովհաննիսյանը նշեց՝ բոլոր բանակցություններից առաջ և հետո Հայաստանի ղեկավարությունն Արցախի իշխանությանը տեղեկացնում է մանրամասների մասին:
Արթուր Հովհաննիսյան - Մեր հայրենակիցները պետք է ապրեն իրենց հողում անվտանգ ու իրենց իրավունքներն իրացրած: Այս ճանապարհը մենք պատկերացնում ենք Բաքու-Ստեփանակերտ խոսակցության միջոցով, միջազգային մեխանիզմների միջոցով, որտեղ Արցախի ժողովուրդը, ինչպես որ երեկ բազմաթիվ մտքեր են հնչել պատգամավորների կողմից նաև, կարող են իրացնել թե՛ իրենց ինքնորոշման, թե՛ այլ բոլոր իրավունքները: ՀՀ-ն իր բոլոր դիվանագիտական խողովակներով աջակցելու է Արցախի մեր հայրենակիցներին այս գործում:
«Քաղպայմանագրի» խմբակցության քարտուղարն անդրադարձավ նաև անկլավների խնդրին, հայտնեց՝ այս պահին բանակցային գործընթացում դրանց վերաբերյալ խոսակցություն չկա:
Արթուր Հովհաննիսյան - Հայաստանի Հանրապետության ինքնիշխան 29 800 քկմ-ն մեր իմացած ՀՀ տարածքն է, պլյուս անկլավը՝ Արծվաշենը: Նույնը նաև հայելային արտահայտվում է 86 600-ի դեպքում, որի մեջ մտնում են անկլավները, որոնք գտնվում են ՀՀ տիրապետության տակ:
Պատգամավորի խոսքով՝ տարածքի մեծությամբ հայկական և ադրբեջանական անկլավները գրեթե հավասար են, ու դրանց ճակատագրի մի քանի տարբերակ կարող է լինել: Հովհաննիսյանը նշեց՝ դրանք կարող են մնալ այն պետությունների վերահսկողության ներքո, որտեղ եղել են այս ընթացքում:
Արթուր Հովհաննիսյան - Բնականաբար, ՀՀ իշխանությունները պետք է ելնեն բացառապես ՀՀ պետական շահերից, և չի կարող, օրինակ, լինել մի սցենար, որտեղ մեր վերահսկողության տակ անկլավները կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ, բայց հակառակը տեղի չի ունենա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցային մանրամասներին հանրությանը տեղեկացնելուն, Արթուր Հովհաննիսյանը նշեց՝ այդ խոսակցությունը կլինի, երբ Ադրբեջանի հետ հաջողվի մոտեցնել նախագծի վերաբերյալ պատկերացումները:
Արթուր Հովհաննիսյան - Կհասկանանք՝ ինչ իրավական գործընթացներ է ենթադրում նման փաստաթղթի ստորագրումը: Եթե դա պետք է անցնի Սահմանադրական դատարանով, կանցնի Սահմանադրական դատարանով, եթե պետք է քվեարկվի խորհրդարանում, կքվեարկվի խորհրդարանում: Այսինքն՝ չի կարող լինել մի գործընթաց, որը կենթադրի հանրությունից թաքուն մեր հանրության ապագային վերաբերող որևէ փաստաթղթի ստորագրում:
Բանակցություններից առաջ Ադրբեջանը փորձում է ռազմական ագրեսիայի միջոցով առավելություն ստանալ դիվանագիտական ճակատում այն օգտագործելու համար՝ նշեց Հովհաննիսյանը:
Արթուր Հովհաննիսյան - Ալիևը կառուցողական չի, ռազմական հանցագործ է և չի իրականացնում միջազգային դատարանների վճիռները. ո՞վ է սրա հետ վիճում: Ո՞վ կարող է հակառակն ասել առհասարակ: Մենք գնում ենք խաղաղության, որպեսզի մեր երկրի շուրջ ապահովենք խաղաղություն, ճանապարհներն ապաշրջափակվեն, որպեսզի կարողանանք զարգանալ, բանակը հզորացնենք, որ այլևս երբեք որևէ մեկը չկարողանա ձեր ասածի պես մեր սահմաններին կրակել:
Խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետ Արթուր Հովհաննիսյանը չնշեց, շեշտեց՝ Հայաստանն անում է հնարավորը այդ օրը մոտեցնելու համար:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան