Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտին: Կառույցի թվիթերյան միկրոբլոգում նշվում է, որ կողմերը քննարկել են ԵԱՀԿ-ի և Խորհրդարանական վեհաժողովի դերը Հարավային Կովկասում անվտանգության, երկխոսության և գործակցության խթանման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացներին աջակցելու գործում:
Ալիևն, իր հերթին, հայտարարել է, որ Բաքուն և Երևանը կշարունակեն բանակցությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ։ Նա հավելել է, որ Ադրբեջանն աջակցում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը հիմնված է երկու երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման սկզբունքի վրա։
Պաշտոնյաներն անդրադարձել են նաև տրանսպորտային հաղորդակցությունների հետ կապված հարցերի:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՄ ԼԻԻՐԱՎ ԱՆԴԱՄ ԿԴԱՌՆԱ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ. ՇՈԼՑ
Ուկրաինան Եվրամիության լիիրավ անդամ կդառնա պատերազմի ավարտից հետո: Նման հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի կանցլերը:
«Մեր մայրցամաքի պատմության այս դառը շրջանը կավարտվի Եվրամիությանն ազատ Ուկրաինայի անդամակցությամբ՝ որպես լիիրավ անդամ»,- ասել է Օլաֆ Շոլցը, կոչ արել Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը կանգնել Կիևի կողքին:
Ավելի վաղ՝ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստակամություն էր հայտնել արագացնել Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը: Նա նշել էր, որ Ուկրաինան արդեն կատարել է ստանձնած պարտավորությունների 72 տոկոսը:
ՖՐԱՆՍԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՏԱԼ
Ֆրանսիան պատրաստ է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ համաձայնագիր կնքել Կիևի հետ, հայտնել է հանրապետության ԱԳՆ-ն։
«Ֆրանսիան և ՆԱՏՕ-ի գործընկերները մտածում են՝ ինչպես լավագույնս երկարաժամկետ աջակցություն տրամադրել Կիևին բոլոր ոլորտներում և օգնել Ուկրաինային կանխել հետագա հնարավոր ագրեսիաները», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Դեռ սեպտեմբերին Կիևը ներկայացրել էր անվտանգության երաշխիքների իր նախագիծը, որի համաձայն` Ուկրաինայի երաշխավոր երկրներ պետք է դառնան ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան, Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան, Թուրքիան և այլ երկրներ։
Ըստ փաստաթղթի՝ Կիևն այդ երկրներից ակնկալում է ներդրումներ Ուկրաինայի ռազմարդյունաբերական ոլորտում, հետախուզական տվյալների փոխանցում, հանրապետության զինված ուժերի վերապատրաստում Եվրամիության և ՆԱՏՕ-ի հովանու ներքո։
2021 թվականի դեկտեմբերին՝ պատերազմի մեկնարկից առաջ, Ռուսաստանը ներկայացրել էր ԱՄՆ-ՆԱՏՕ անվտանգության երաշխիքների պայմանագրի նախագիծը։ Մոսկվան պահանջում էր, որ Դաշինքը չընդլայնվի դեպի արևելք, այդ թվում՝ հրաժարվի ԽՍՀՄ նախկին հանրապետություններն իր կազմ ընդունելու գաղափարից:
ՉԵԶՈՔԱՑՎԵԼ Է ՌԴ ՆԵՐԹԱՓԱՆՑԱԾ 70 ԴԻՎԵՐՍԱՆՏ. ՌԴ ՊՆ
Ուկրաինացի դիվերսանտների ներխուժումը Բելգորոդի մարզ լուրջ մտահոգություն է առաջացնում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ հատուկ ծառայությունները փորձում են պարզել նրանց ինքնությունը։
«Ուկրաինայում շատ էթնիկ ռուսներ են ապրում, բայց միևնույն է` Ռուսաստանի տարածք ներխուժած դիվերսանտները ուկրաինացի զինյալներ են», - ասել է խոսնակը։
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Ռուսաստանի տարածք ներթափանցած 70 դիվերսանտ արգելափակվել և չեզոքացվել է, նրանց մի մասն էլ վերադարձել է Ուկրաինայի տարածք:
Բելգորոդի նահանգապետն էլ հայտարարել է, որ շրջանի ինը բնակավայրի բնակիչներ տարհանվել են: Վյաչեսլավ Գլադկովը նաև տեղեկացրել է, թե մեկ օրվա ընթացքում գնդակոծվել է Բելգորոդի շուրջ 20 բնակավայր, տուժել է 10-ից ավելի խաղաղ բնակիչ։ ԶԼՄ-ների տվյալով՝ զոհեր և վիրավորներ կան նաև ռուս զինվորականների շրջանում:
Պաշտոնական Կիևը հերքում է դիվերսիոն խմբի հետ իր առնչությունը: Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունից հայտարարել են, որ Բելգորոդում գործում են «Ազատ Ռուսաստանի» և «Ռուսական կամավորական կորպուսի» զինյալները, որոնք ՌԴ քաղաքացիներ են և փորձում են անվտանգության գոտի ստեղծել սահմանամերձ ուկրաինական բնակչության համար։
ՌԴ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԸՆԴԼԱՅՆՎԵՆ
Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդուման ընդունել է «Ելքի և մուտքի կարգի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որն ընդլայնում է սահմանապահների լիազորությունները: Այսպիսով, նրանք կարող են առգրավել քաղաքացիների արտասահմանյան անձնագրերը:
Ի թիվս այլ պահանջների՝ արտասահմանյան անձնագրերը պետք է հանձնեն նաև այն քաղաքացիները, որոնք զորակոչվել են զինվորական ծառայության և այդ հիմքով չեն կարող Ռուսաստանից հեռանալ: Եթե քաղաքացին անձնագիրը չի հանձնել, ապա այն անվավեր է ճանաչվում և ենթակա է առգրավման սահմանին: