Ուկրաինացի դիվերսանտների ներխուժումը Բելգորոդի մարզ խոր մտահոգություն է առաջացնում՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ հատուկ ծառայությունները փորձում են պարզել նրանց ինքնությունը։ «Ուկրաինայում շատ էթնիկ ռուսներ են ապրում, բայց միևնույն է՝ Ռուսաստանի տարածք ներխուժած դիվերսանտները ուկրաինացի զինյալներ են»,- ասել է խոսնակը։
Մինչ այդ ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Ռուսաստանի տարածք ներթափանցած 70 դիվերսանտ արգելափակվել և չեզոքացվել է, նրանց մի մասն էլ վերադարձել է Ուկրաինայի տարածք:
Բելգորոդի նահանգապետն էլ հայտարարել է, որ շրջանի ինը բնակավայրի բնակիչներ տարհանվել են: Վյաչեսլավ Գլադկովը նաև տեղեկացրել է, թե Ուկրաինայի զինված ուժերը վերջին մեկ օրվա ընթացքում գնդակոծել են Բելգորոդի շրջանի մոտ 20 բնակավայր, վիրավորվել է 10-ից ավելի խաղաղ բնակիչ։
Պաշտոնական Կիևը հերքում է դիվերսիոն խմբի հետ իր առնչությունը: Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունից հայտարարել են, որ Բելգորոդում գործում են «Ազատ Ռուսաստանի» և «Ռուսական կամավորական կորպուսի» զինյալները, որոնք ՌԴ քաղաքացիներ են և փորձում են անվտանգության գոտի ստեղծել սահմանամերձ ուկրաինական բնակչության համար։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՏԻ
Վոլոդիմիր Զելենսկին արտասահմանյան աշխատանքային այցերից հետո վերդարձել է Ուկրաինա և այցելել ռազմական գործողությունների գոտի, մասնավորապես՝ Ուգլեդար և Մարյինկա, որտեղ այժմ, ինչպես և Բախմուտում, թեժ մարտեր են: Կողմերը պարբերաբար հայտարարում են այդ տարածքների ուղղությամբ առաջխաղացման մասին:
Ուկրաինայի նախագահը շնորհավորել է զինծառայողներին երկրի ռազմածովային ուժերի հետևակի օրվա կապակցությամբ։ Վոլոդիմիր Զելենսկին ընդգծել է, որ իշխանությունը ջանքեր է գործադրում՝ մեծացնելու ԶՈՒ-երի ներուժը: Կձևավորվեն ժամանակակից տեխնիկայով և սպառազինությամբ հագեցած նոր բրիգադներ։ Նախագահին նաև զեկուցել են ռազմաճակատում զարգացումների մասին:
Վերջին մեկ ամսում Զելենսկին եղել է Իտալիայում, Վատիկանում, Փարիզում, Լոնդոնում, Բեռլինում, այնուհետև այցելել Սաուդյան Արաբիա և Ճապոնիա: Բոլոր հանդիպումների հիմնական թեման Ուկրաինային ռազմական աջակցությունն էր:
ՌԴ ՏԱՐԱԾՔՈՎ ԼԵՀԱԿԱՆ ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐԻ ԱՆՑՈՒՄԸ ԿԱՐԳԵԼՎԻ
ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի պատգամավորները միաձայն որոշում են ընդունել Ռուսաստանի տարածքով լեհական բեռնատարների անցումն արգելելու մասին: Որոշում է կայացվել նաև զրկել նրանց Ռուսաստանի ներքին գներով վառելիքի լիցքավորման հնարավորությունից։
«Լեհաստանի ղեկավարությունը պետք է պատասխան տա մեր զինվորների և սպաների հուշարձանները քանդելու, ռուսատյաց քաղաքականություն վարելու համար: Այդ երկրի իշխանությունները թող բացատրություն տան ավելի քան 20 հազար վարորդների, որոնք կկորցնեն իրենց աշխատանքը, ինչպես նաև շուրջ երկու հազար լեհական տրանսպորտային ընկերության, որոնք կսնանկանան»,- Պետդումայի որոշումը մեկնաբանել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:
ԻՐԱՆՆ ՈՒ ԻՆԴՈՆԵԶԻԱՆ ԿԳՈՐԾԱԿՑԵՆ ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
Ջակարտայում տեղի է ունեցել Ինդոնեզիայի և Իրանի նախագահների հանդիպումը։ Բանակցություններից հետո կողմերը 11 համաձայնագրեր և հուշագիր են ստորագրել տնտեսության, առևտրի, մշակույթի, մաքսային առողջապահության ոլորտներում գործակցության ամրապնդման մասին։ Ռաիսին հույս է հայտնել, որ Ինդոնեզիա իրանական պատվիրակության այցը դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա:
«Մեր երկրները ձգտում են ապրանքաշրջանառությունը հասցնել 20 միլիարդ դոլարի, իսկ հաշվարկները կիրականացվեն ազգային արժույթներով»,- նշել է Ռաիսին։
Վիդոդոն հավելել է, որ Իրանը և Ինդոնեզիան կխորացնեն հարաբերությունները և ներդրումներ կկատարեն նաև էներգետիկ ոլորտում: