ԲԵԼԳՈՐՈԴՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը և իրավապահ մարմինները շարունակում են Բելգորոդի Գրայվորոնսկի շրջանը ներթափանցած Ուկրաինայի զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խմբի չեզոքացման գործողությունը՝ հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Նա շրջանի բնակիչներին հորդորել է դեռևս չվերադառնալ իրենց տներ: Գլադկովի խոսքով՝ խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ: «Այժմ սպասում ենք հակաահաբեկչական գործողության ավարտին, որի մասին հայտարարվել էր երեկ»,- հավելել է պաշտոնյան։ Լրատվամիջոցներն էլ հայտնել են, որ վաղ առավոտյան Բելգորոդում պայթյուններ են լսվել:
Պաշտոնական Կիևը հերքում է դիվերսիոն խմբի հետ իր առնչությունը: Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունից հայտարարել են, որ Բելգորոդում գործում են «Ազատ Ռուսաստան» և «Ռուսական կամավորական կորպուսի» զինյալները, որոնք ՌԴ քաղաքացիներ են և փորձում են անվտանգության գոտի ստեղծել սահմանամերձ ուկրաինական բնակչության համար։
ԱՄՆ-Ը ԿԻԵՎԻՆ F-16 ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ. ՄԻԼԼԵՐ
Բելգորոդում զարգացումներին և Ռուսաստանի տարածքի դեմ ամերիկյան զենքերի հնարավոր կիրառմանն է անդրադարձել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը: Մեթյու Միլլերը նշել է՝ Ուկրաինան պետք է ինքնուրույն որոշի՝ ռազմական ինչ գործողություններ անցկացնել Ռուսաստանի դեմ։ «Վաշինգտոնը Կիևին չի արգելում կամ խրախուսում ուկրաինական տարածքից դուրս հարձակումներ իրականացնել: Սակայն հարկ եմ համարում հիշեցնել, որ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը»,- հավելել է պաշտոնյան: Միլլերը նաև ընդգծել է՝ ամերիկյան կողմը մտադիր է առաջիկա ամիսներին F-16 կործանիչներ տրամադրել Կիևին և ուկրաինացի զինվորականների համար վերապատրաստումներ կանցկացնի, որ վերջիններս կարողանան օգտվել այդ կործանիչներից: Մատակարարման հստակ ժամկետներ պաշտոնյան չի նշել:
Միլլերն անդրադարձել է նաև ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքին: Նա նշել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը փորձում է Մալիի տարածքով երրորդ երկրներից ռազմատեխնիկա ձեռք բերել՝ ուկրաինական ուժերի դեմ օգտագործելու նպատակով: Պետքարտուղարության խոսնակը հավելել է, որ Բախմուտում մարտերի ընթացքում տուժել է շուրջ 100.000 ռուս զինծառայող, այդ թվում՝ Վագների խմբից:
Միլլերն անդրադարձել է նաև Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթների վերսկսմանը, հերթական անգամ զգուշացրել՝ Վաշինգտոնը կարող է պատժամիջոցներ սահմանել Թբիլիսիի նկատմամբ: «Այժմ Ռուսաստանի հետ գործակցությունը զարգացնելու ժամանակը չէ»,- շեշտել է պաշտոնյան։
ԷՐԴՈՂԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՍԻՆԱՆ ՕՂԱՆԻՆ
Ռեջեփ Էրդողանը երախտագիտություն է հայտնել Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու, «Աթա» դաշինքի կողմից առաջադրված Սինան Օղանին մայիսի 28-ին կայանալիք նախագահի ընտրության երկրորդ փուլում իրեն աջակցելու պատրաստակամության համար: Օղանը երեկ իր աջակիցներին կոչ է արել քվեարկել գործող նախագահի օգտին։ Ավելի վաղ քաղաքական գործիչն արդեն մի շարք պայմաններ էր առաջադրել՝ նշելով, որ դրանցից կախված կլինի երկրորդ փուլում Էրդողանին կամ ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուին սատարելու իր որոշումը։ Դրանց թվում էին՝ ահաբեկչության դեմ պայքարը, փախստականներին երկրից վտարելը, քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» գործունեության սահմանափակումը և այլն։ Օղանը գործող նախագահին սատարելու մասին հայտարարել է անցած շաբաթ Էրդողանի հետ փակ հանդիպումից հետո:
Էրդողանն ընդգծել է՝ քաղաքական դաշինքների միասնությունը օգուտ կբերի Թուրքիայի ժողովրդին։ «Օղանի հետ հանդիպման ժամանակ մենք «առևտուր չենք արել»: Նա տեղյակ է ահաբեկչության դեմ պայքարում մեր դիրքորոշման մասին, մենք այդ հարցում հետքայլ չենք կատարի գնա: Ինչ վերաբերում է փախստականների հարցին՝ մինչ այժմ 450 000 փախստական հայրենդարձվել է: Այժմ մենք նախատեսում ենք, որ ևս մեկ միլիոն փախստական կվերադառնա Սիրիա»,- նշել է Թուրքիայի ղեկավարը:
ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄՆ ՊԵՏՊԱՐՏՔԻ ՎԵՐԻՆ ՇԵՄԻ ՇՈՒՐՋ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքարթին երեկ Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում չեն կարողացել համաձայնության հասնել պետական պարտքի վերին շեմի շուրջ, ինչը հարկավոր է դեֆոլտից խուսափելու համար՝ հայտնել է Reuters: Գործակալությունը նշում է՝ կողմերը պայմանավորվելու համար ունեն ընդամենը 10 օր:
Բայդենը նախազգուշացրել է՝ եթե Միացյալ Նահանգները դեֆոլտ հայտարարի, դա մեծ հարված կլինի ամերիկացի ժողովրդի և ամբողջ աշխարհի տնտեսական բարեկեցությանը: Նախագահը կարծիք է հայտնել, որ պետք է կրճատել ծախսերը, հավելել՝ չնայած Մաքարթիի հետ ունեցած տարաձայնություններին՝ լավատեսորեն է տրամադրված։ Վերջինս Բայդենի հետ հանդիպումը նույնպես արդյունավետ է գնահատել՝ չնայած առկա տարաձայնություններին:
Բայդենը և դեմոկրատները Կոնգրեսին կոչ են անում բարձրացնել պետական պարտքի շեմը՝ առանց որևէ պայմանի: Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմող հանրապետականները, սակայն, հրաժարվում են հաստատել առաջարկը՝ առանց բյուջետային ծախսերի կրճատման: