ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԵՎՍ 2 ՀՈԴՎԱԾ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԵԼ. ՄԻՐԶՈՅԱՆ
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված են համաձայնեցրել: Ամփոփելով Վաշինգտոնում մայիսի սկզբին տեղի ունեցած քառօրյա բանակցությունները` հայտնեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Մի քանի այլ հոդվածների շուրջ հնարավոր եղավ իսկապես ուղիղ, երկար և անկեղծ խոսակցություն ծավալել, և կարող եմ առնվազն ասել, որ այդ խոսակցության ընթացքում կողմերը շատ ավելի լավ են հասկանում նաև մեկը մյուսի մտահոգությունները, նաև մեկը մյուսի մտադրությունները, նաև առհասարակ պատկերացումները: Սա ասում եմ` ցույց տալու համար, որ բացի նշածս երկու հոդվածից, մի քանի հոդվածով էլ, կարծում եմ, և հուսով եմ` սա միայն իմ գնահատականը չէ, համենայն դեպս` ինձ այդպես հավաստիացրել են մյուս կողմերը ևս, այս մյուս հոդվածների մասով ևս հավանականություն կա գալ համաձայնության:
Արարատ Միրզոյանն ընդգծեց՝ կան հոդվածներ և թեմաներ, որոնց վերաբերյալ կողմերի դիրքորոշումները բավականին հեռու են, հավելեց՝ Հայաստանի համար սկզբունքային է սահմանազատման գործընթացը որոշակի դարձնելը:
ՄԻՐԶՈՅԱՆՆ ԸՆԴԳԾԵԼ Է ՄԱԿ ԵՐԿՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆ ՔԱՅԼԵՐԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ համատեղ ասուլիսում Միրզոյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառություն ու պատրաստակամությունը՝ կառուցել երկարատև, կայուն և արժանապատիվ խաղաղություն, նշեց` չնայած բանակցություններին Հայաստանի կառուցողական մասնակցությանը, Ադրբեջանը շարունակվում է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը:
Արարատ Միրզոյան - Այս համատեքստում ընդգծել եմ Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու, միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքն ապահովելու հրամայականը: Մենք կարևորում ենք մեր միջազգային գործընկերների աջակցությունը նաև այնպիսի մարդասիրական հարցի լուծման գործում, ինչպիսին են Ադրբեջանի կողմից բոլոր հայ ռազմագերիների վերադարձի ապահովումը:
Հաշվի առնելով Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը՝ Հայաստանի արտգործնախարարը ընդգծեց միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ անդամ պետությունների, այդ թվում՝ Միացյալ Թագավորության գործուն քայլերի կարևորությունը Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում:
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՎԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ. ԴՈՔԵՐԹԻ
Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարարը հայտնեց՝ փետրվարին Բաքու կատարած այցի ընթացքում բարձրացրել է հարցը:
Լեո Դոքերթի (Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար) - Մեր հարաբերությունները Հայաստանի հետ նույնքան կարևոր են, որքան Ադրբեջանի հետ, բայց մենք միշտ հստակ նշել ենք, որ այս շարունակական հակամարտությունը պետք է հանգուցալուծվի կայուն խաղաղությամբ, և դրան կարող ենք հասնել միայն սեղանի շուրջ: Դա է պատճառը, որ մենք աջակցում ենք Եվրոպական Միության, Ամերիկայի Միացյալ Նահանգների` այս հարցն առաջ մղելու ջանքերը: Մենք կփորձենք ազդեցություն ունենալ բոլոր կողմերի վրա՝ հարցը տանելով հանգուցալուծման:
ՄԻՐԶՈՅԱՆԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ԽՆԴԻՐՆԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ
Ադրբեջանը շարունակում է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիան ու սադրիչ գործողությունները, որոնք հակասում են երկու երկրների ղեկավարների` Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին, նշեց Միրզոյանը` ընդգծելով Ալմա Աթայի հռչակագրի հիմնարար դերը, որին հայկական կողմը հավատարիմ է մնում:
Արտգործնախարարը վերահաստատեց, որ Հայաստանը պատրաստ է իրականացնել եռակողմ հայտարարություններով նախատեսված տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկումը՝ կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա:
Արարատ Միրզոյան - Տարածաշրջանում համապարփակ ու երկարատև կարգավորման համար առանցքային է բոլոր խնդիրներն առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման լուծելու հանձնառությունը, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա սահմանազատման գործընթացի իրականացումը, մարդասիրական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման հրամայականը, ինչպես նաև միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո ԼՂ ժողովուրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումը:
ԿԱՐԵՎՈՐՎԵԼ Է ՀՀ-ՄԹ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ
Հայաստանի և Միացյալ Թագավորության դիվանագետներն ասուլիսին նախորդած հանդիպմանն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգին, կարևորել երկրների միջև ազդարարված ռազմավարական երկխոսության մեկնարկը, հույս հայտնել, որ այն կարտացոլվի նաև բազմակողմ հարթակներում գործակցությամբ:
Լեո Դոքերթի - Հուսանք` ռազմավարական երկխոսությունը կսկսվի այս տարվա երկրորդ կեսին: Այն կընդլայնի և կխորացնի մեր գործակցությունը, և հուսանք, որ դրական կլինի:
ԴՈՔԵՐԹԻՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
Այցի ընթացքում Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին այցելեց նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հեղինակ` Նորայր Շողիկյան