2022 թվականին գրեթե հաջողվել էր վերականգնել պատերազմից տուժած Արցախի տնտեսությունը. ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվել է 2022թ պետբյուջեի կատարման մասին հաշվետվությունը:
Վահրամ Բաղդասարյան (Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար) - 2022 թվականին համախառն ներքին արդյունքը կազմել է 288.8 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 12.2 տոկոսով՝ 3.2 տոկոս դեֆլյատորի պայմաններում, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 113.9 տոկոս:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումից հետո հունվարից նոյեմբեր գրանցված աճի տեմպը կտրուկ դանդաղել է: Ըստ Վահրամ Բաղադասարյանի՝ մինչև շրջափակումը Արցախի տնտեսության բոլոր ճյուղերում աճ է արձանագրվել. աճել են ինչպես արտադրանքի թողարկման, այնպես էլ արտաքին առևտրաշրջանառության ծավալները: Վերջինը կազմել է 832 միլիոն դոլար, ինչը 26,8 տոկոսով գերազանցել է նախապատերազմյան ցուցանիշը:
Վահրամ Բաղդասարյան - 2022 թվականին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 41.2 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 24.9 տոկոսով՝ ի հաշիվ բուսաբուծության (43.2%) և անասնաբուծության (19.0%) ճյուղերում արձանագրված աճերի:
Արցախի 2022 թվականի պետական բյուջեի ծախսերը կազմել են 200 միլիարդ 643 միլիոն դրամ` ապահովելով պլանավորված ցուցանիշի 90 տոկոսը: Սեփական եկամուտները հավաքագրվել են նախատեսվածից շատ:
Վահրամ Բաղդասարյան - «Հարկեր/ՀՆԱ» հարաբերակցությունը կազմել է 16.2 տոկոս: Ընդհանուր առմամբ, հարկային եկամուտների ավելի քան 52 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին (շուրջ 24.0 մլրդ դրամ): 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունից ստացված բյուջետային վարկի գումարը կազմել է 176.0 մլրդ դրամ: Նախկինում ներգրավված փոխառու միջոցների մայր գումարների մարմանը 2022 թվականի պետական բյուջեից ուղղվել է 23 մլրդ 270.9 մլն դրամ:
Արցախի պետական բյուջեի 25,5 տոկոսն ուղղվել է սոցիալական պաշտպանությանը: 94 տոկոսով կատարված ծախսերն ուղղվել են 48 ծրագրի իրականացմանը: