ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են՝ Երևան քաղաքի քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են փաստաբանների պալատի անդամ, Երևանի 43-ամյա բնակչուհի Ս.Ս.-ի կողմից քաղաքացուն իրավաբանական օգնություն ցույց տալու պատրվակով վերջինիցս առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության դեպքի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քաղաքացին, ամուսնալուծվելուց հետո, անչափահաս դստեր խնամքը ստանձնելու, վերջինիս իր հետ բնակվելու իրավական գործընթացի կապակցությամբ իրավաբանական օգնություն ստանալու նպատակով facebook սոցիալական ցանցի միջոցով 2021 թ. ապրիլի 6-ին հաղորդագրություն է ուղարկել հանրությանը հայտնի «Վարդան Ղուկասյան» օգտատիրոջը՝ վստահելի փաստաբանի տրամադրման հարցում իրեն օգնելու խնդրանքով:
Վարդան Ղուկասյանը հաղորդագրության միջոցով կնոջն ուղղորդել է իր անունից դիմել «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանին՝ փոխանցելով վերջինիս բջջային հեռախոսահամարը: Հիշյալ կինը Արտակ Գալստյանի հեռախոսահամարը փոխանցել է իր ծնողներին, ովքեր շուրջ երկու շաբաթ անց վերջինիս հետ հեռախոսազրույց ունենալուց հետո հանդիպել են նրան: Արտակ Գալստյանը, որպես փաստաբանի, կնոջ ծնողներին ներկայացրել է «Ա….» ՍՊԸ հիմնադիր տնօրեն, փաստաբանների պալատի անդամ Ս.Ս.-ին:
Վերջինս, մի խումբ այլ անձանց հետ առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, կեղծ խոստումներ են տվել խնդրին շատ արագ լուծում տալու մասին և երաշխավորել են անչափահաս երեխայի ՌԴ վերադարձը կազմակերպել։ Դրա համար նրանք պահանջել են 9.000 ԱՄՆ դոլարին համարժեք 4.700.000 ՀՀ դրամ գումար, որի շուրջ փաստաբանի և հիշյալ քաղաքացու հոր միջև կնքվել է պայմանագիր: Դրանից հետո Արտակ Գալստյանի ներկայությամբ և հորդորով քաղաքացու ծնողների կողմից 43-ամյա կնոջն առձեռն փոխանցվել է 5000 ԱՄՆ դոլարին համարժեք 2.597.150 ՀՀ դրամ:
Գումարը ստանալուց հետո 43-ամյա կինը հիշյալ քաղաքացու մոտ տպավորություն է ստեղծել, թե իբրև զբաղվում է նրա դստեր հարցով, դիմել է համապատասխան մարմիններին:
Այնուհետև, քաղաքացին, 2021 թ. սեպտեմբերի 13-ին քննչական մարմնի կողմից հրավիրված լինելով հարցաքննության, փաստաբանին տեղեկացրել է այդ մասին, ով կրկին իրենից պահանջել է 491.880 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար, որը կինը նույն օրն առձեռն տվել է նրան:
Հետագայում քաղաքացին համապատասխան հարցումների միջոցով պարզել է, որ դուստրը 2021 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ-ից դուրս է բերվել դեպի Վրաստանի Հանրապետություն, այնուհետև ԱՄԷ Շարժա, որտեղից էլ Դուբայ քաղաք, ինչի մասին տեղեկացրել է փաստաբանին: Վերջինս, «WhatsApp» հավելվածի միջոցով հաղորդագրություններ է ուղարկել քաղաքացուն և խաբեությամբ նրան հայտնել, թե իբրև կան մարդիկ, ովքեր շեյխերի մակարդակով կարող են գտնել երեխային և կարգավորել վերջինիս վերադարձի խնդիրը, որի համար պահանջել է ևս 2.000.000 ՀՀ դրամ: Որոշ ժամանակ անց նա տեղեկացրել է, թե պետք է գնան Դուբայ քաղաք, սակայն Դուբայի իրենց գործընկերները նպատակահարմար են գտնում այնտեղ մեկնել տոներից հետո՝ 2023 թվականի հունվարին, իսկ մինչ այդ 2.000.000 ՀՀ դրամը պետք է փոխանցվի իրենց գործընկերներին: Քաղաքացին, գտնվելով անելանելի վիճակում, համաձայնել է առաջարկին և 2022թ. դեկտեմբերին՝ տարբեր օրերի, բանկային փոխանցմամբ փաստաբանին մաս-մաս փոխանցել է հիշյալ գումարը:
Այնուհետև, փաստաբանը կնոջից պահանջել է նաև 2500 ԱՄՆ դոլար՝ Դուբայ մեկնելու տոմսերի, հյուրանոցի և վիզայի համար, ինչը վերջինս նույնպես վճարել է:
Դրանից հետո՝ 2023 թվականի մարտի 10-ին, փաստաբանը քաղաքացու հետ մեկնել է Դուբայ քաղաք, որտեղ շարունակել է վերջինիս վստահեցնել, թե իբրև ինչ-որ մարդիկ զբաղվում են նրա դստեր հարցերով, որ վերջինս գտնվում է Դուբայ քաղաքում։ Այնինչ, կինը պարզել է, որ դուստրը դեռևս 2022 թ. մայիսին մեկնել է Դուբայ քաղաքից Թուրքիայի Հանրապետություն:
Դրանից հետո՝ մարտի 14-ին, նրանք վերադարձել են Հայաստան՝ այդպես էլ չլուծելով անչափահաս երեխային մորը վերադարձնելու ստանձնած պարտավորությունը: Այդ կերպ, փաստաբանը, խմբի կազմում, քաղաքացուց խարդախությամբ հափշտակել է ընդհանուր 5.122.150 ՀՀ դրամ՝ վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա փաստաբանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, որը համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին:
Վերջինս ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու հիմքով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան Ս.Ս.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: