Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ Անահիտ Մանասյանը մայիսի 22-ին այցելել է «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն։
«Ձորակ»-ի մասնաշենքերից մեկի առաջին հարկում տեղակայված է մանկապարտեզ. հարակից տների բնակիչները և նախադպրոցական ուսումնական հաստատության սաների ծնողները բողոք էին ներկայացրել ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին առ այն, որ Երևանի թիվ 34 մանկապարտեզը տեղակայված է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի հետ նույն շենքում։ Բողոքներն ավելի ուշ փոխանցվել են Պաշտպանին: Այցի նպատակն էր տեղում իրավիճակին ծանոթանալը: Անահիտ Մանասյանը շրջել է կենտրոնի և մանկապարտեզի տարածքներով, զրուցել 2 հաստատությունների անձնակազմերի, նաև հարակից տների բնակիչների հետ:
Այցն իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանի, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ համատեղ: Մասնակցել են նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն ու Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը:
Պաշտպանն արձանագրել է մարդու իրավունքներին առնչվող խնդիրներ, որոնք քննարկվել են իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ՝ հորդորելով շտապ լուծումներ գտնել: Դրանք վերաբերում են ինչպես մանկապարտեզի տարածքի ամբողջական ցանկապատման, այնպես էլ երեխաների հանգստի սենյակների օդափոխության և լուսավորության ապահովման հարցերին։
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել երեխաների համար անվտանգ և ապահով, ինչպես նաև ֆիզիկական և հոգեկան առողջ զարգացման նպաստավոր միջավայր ձևավորելու ուղղությամբ՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը և միաժամանակ չխաթարելով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքները: