Ուկրաինան Եվրամիության լիիրավ անդամ կդառնա պատերազմի ավարտից հետո: Նման հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության 160-ամյակի տոնակատարության ժամանակ՝ հաղորդում է Bild-ը:
Շոլցը վստահություն է հայտնել, որ Ուկրաինան հաղթած դուրս կգա պատերազմից: «Մեր մայրցամաքի պատմության այս դառը գլուխը կավարտվի Եվրամիությանը ազատ Ուկրաինայի անդամակցությամբ որպես լիիրավ անդամ»,- ասել է Շոլցը:
Կանցլերն ընդգծել է, որ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը պետք է ամուր կանգնած լինի Ուկրաինայի կողքին, քանի որ հենց նախկին կանցլեր Վիլի Բրանդտի քաղաքականության շնորհիվ է, որ Եվրոպայում այսօր գործում են ուժի չկիրառման, սահմանների անխախտելիության, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները:
Ավելի վաղ՝ փետրվարին, Ուկրաինա-Եվրամիություն գագաթնաժողովի ժամանակ, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրահանձնաձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպմանը Վոլոդիմիր Զելենսկին վճռականություն էր հայտնել այս տարի արագացնել Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը: Նա նշել էր, որ Ուկրաինան արդեն կատարել է ստանձնած պարտավորությունների 72 տոկոսը: