Փետրվարին կանխատեսած 4 տոկոսի փոխարեն 3 ամիս անց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը թարմացրել է Հայաստանի 2023 թվականի տնտեսական աճի իր սպասումները՝ դարձնելով 5 տոկոս: Ըստ Ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետի՝ այս փոփոխությունը դրական կարելի է համարել:
Գարիկ Պետրոսյան (ՀՀ ՖՆ մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ) - Հայաստանի տնտեսական աճը համեմատած մի շարք երկրների հետ՝ համադրելի երկրների հետ ավելի բարձր է, օրինակ՝ կարող ենք նշել Մոլդովայի, Ադրբեջանի կամ Ղազախստանի համեմատ ավելի բարձր տնտեսական աճ է կանխատեսվում Հայաստանում կամ նույն արևելյան եվրոպայի երկրների հետ համեմատած, օրինակ՝ Բուլղարիա, Ռումինիա:
Զեկույցում առանձնացվում են նախորդ տարի Հայաստանում գրանցված տնտեսական բարձր ցուցանիշները՝ արդյունաբերության, ծառայությունների, տրանսֆերտների և այլ ուղղություններով: Փորձագետները միջազգային կառույցներից տնտեսական աճի կանխատեսման վերանայում ակնկալում էին՝ հաշվի առնելով, որ Հայաստանի տնտեսությունն այս տարի շարունակում է նախորդ տարվա տեմպով երկնիշ աճ գրանցել:
Հայկ Բեջանյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Ի սկզբանե կային որոշակի արտաքին շոկեր, և երկրները էդ շոկերին արձագանքում էին: Որոշ երկրների դեպքում դա ցուցաբերվում է խոր անկումների տեսքով, որոշների դեպքում՝ կտրուկ բարձր աճի ակնկալիքներով, և երկրները աստիճանաբար մոտենալու են իրենց պոտենցիալ տնտեսական աճի հորիզոնին:
ՎԶԵԲ-ի մասնագետների գնահատմամբ՝ այս տարվա երկրորդ կեսից Հայաստանում տնտեսական աճի տեմպը կդանդաղի։ Միջազգային կառույցներն ավելի ցածր աճ են կանխատեսում, քան Հայաստանի կառավարության թիրախավորած 7 տոկոսն է:
Գարիկ Պետրոսյան - 5 տոկոսը մոտ է մեր տնտեսության ներուժային աճին, սակայն մեր... թիրախավորված տնտեսական աճի մեջ ներառվում են նաև այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն կառավարության կողմից: Մասնավորապես, կապիտալ ծախսերի բարձր աճը, կառուցվածքային բարեփոխումները, որոնք պետք է նպաստեն տնտեսական աճի ավելի բարձր լինելուն, քան ներուժային մակարդակն է:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հաջորդ տարի ևս Հայաստանում 5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում, այս դեպքում նախորդի համեմատ սպասումներն ավելացրել է 0.2 տոկոսով:
Հայկ Բեջանյան - Ունենալ կանխատեսում բարձր տնտեսական աճի վրա՝ նշանակում է՝ ունենալ նոր ակնկալիքներ ֆինանսական հոսքերի, ներդրումային հոսքերի, ինչը ևս, բնականաբար, իր հերթին մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենում տնտեսական զարգացումների վրա:
Միջազգային բանկը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում դրամավարկային քաղաքականության խստացումը նպաստել է գնաճի տեմպերի նվազմանը
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան