Սինան Օղանը, որն անցած շաբաթ Թուրքիայի նախագահի ընտրություններում երրորդ տեղն էր զբաղեցրել, իր աջակցությունն է հայտնել գործող նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ երկրի վճռական երկրորդ փուլի ժամանակ, գրում է Al Jazeera-ն:
«Կարևոր է, որ խորհրդարանը և նախագահությունը ստանձնի միևնույն քաղաքական ուժը՝ կայունությունը պահպանելու համար»,- ասել է Օղանը՝ հայտարարելով Էրդողանին սատարելու մասին, որի նախընտրական դաշինքն ընտրություններում ստացել է Թուրքիայի 600 տեղանոց խորհրդարանի մանդատների կեսից ավելին:
Ազգայնական թեկնածուն հայտարարությունն արել է երկուշաբթի՝ մայիսի 28-ի քվեարկությունից մի քանի օր առաջ, որի ժամանակ որոշվելու է, թե ով կղեկավարի երկիրը հաջորդ հինգ տարիներին՝ Էրդողա՞նը, թե՞ ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն:
Մայիսի 14-ին կայացած քվեարկության առաջին փուլում Էրդողանը ստացել է 49,52 տոկոս՝ չհասնելով բացահայտ հաղթանակ ապահովելու համար անհրաժեշտ մեծամասնության:
Վեց կուսակցություններից բաղկացած ընդդիմադիր դաշինքի թեկնածու Քըլըչդարօղլուն ստացել է 44,88 տոկոս։ Օղանը, որին աջակցում է ԱԹԱ դաշինքը, զբաղեցրել է երրորդ տեղը՝ 5,17 տոկոս աջակցությամբ և դուրս մղվել ընտրապայքարից: