Սա սեպագիր արձանագրություն է՝ գրված է ՝ «Արգիշտի ուրիշխի», որը տարբեր կերպ է մեկնաբանվում՝ պահեստ, զինանոց, սեփականություն: Իրը արքայական պատկանելություն է ունեցել:
Ալյոշա Հայրապետյան (Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն) - Այս ցուցանմուշը մեր թանգարանի զարդն է արդեն:
Խոսքը Ք.ա. 7-8-րդ դարերով թվագրվող ձիու բրոնզե ճակատակալի մասին է, որը հայտնաբերվել է Կապանի տարածաշրջանից: Դրա կարևորությունը և զբոսաշրջային նշանակությունը հասկանալը մասնագիտությամբ հնագետ մարզպետի համար դժվար չէր:
Ռոբերտ Ղուկասյան (Սյունիքի մարզպետ) - Տարիներ առաջ գանձագողության արդյունքում Եղվարդ գյուղի տարածքում գտնվել էին բրոնզե զարդեր բավականին մեծ քանակությամբ, ուղղակի դրանցից մեկի վրա հայտնաբերվել էր սեպագիր արձանագրություն, ինչը շատ եզակի երևույթ է:
2016-ին այն թանգարանին ի պահ էր տրվել հայտնաբերված ևս շուրջ 200 գտածոյի հետ միասին, որոնք տեղափոխվել էին Երևան ամրակայելու ու մաքրելու համար, սակայն առանց որևէ աշխատանքի հետ էին վերադարձվել: Սեպագիր գրությունը հայտնաբերվել է մայիսի սկզբին:
Ալյոշա Հայրապետյան - Սա բացառիկ գտածո է Սյունիքի և Կապանի պատմության մեջ, քանի որ մինչև մայիսի 2-ը Կապանում չկար տիպիկ ուրարտական ցուցանմուշ՝ այն էլ սեպագիր արձանագրությամբ: Միակ գտածոն, որը տիպիկ ուրարտական էր, 1954-ին Սիզնակից հայտնաբերված առյուծի բրոնզե արձանիկն էր, որ պահվում է Գորիսում:
Բավական լավ պահպանված բրոնզե ճակատակալը Հայաստանի ամենահարավային գտածոն է, որն ունի սեպագիր արձանագրություն:
Միքայել Բադալյան («Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն) - գործ ունենք բացառիկ գտածոյի հետ և մինչ այդ Սյունքիից մենք ունեինք ընդամենը 1 սեպագիր արձանագրություն՝ Թանահատի վանքից Արգիտի Ռուսաորդուն վերաբերող սեպագիր արձանագրությունը: Նախ պետք է հասկանալ, թե որ Արգիշտիին է վերաբերում՝ Առաջին՝ Մենուաորդուն, թե Ռուսաորդուն:
Ինչպիսի հնագիտական գանձեր կան Սյունյաց աշխարհում՝ ցույց կտան առաջիկա պեղումները:
Ռոբերտ Ղուկասյան (Սյունիքի մարզպետ) - Ես արդեն գրությունը հրատապ ուղարկել եմ նախարարին, որպեսզի այդ տարածքում իրականացվեն հնագիտական, փրկարարական պեղումներ, որովհետև այն գտնվում է ոչ այդքան բարենպաստ հատվածում:
Մարզը հնագիտորեն շատ քիչ է ուսումնասիրված՝ նշում են մասնագետներն ու վստահեցնում՝ հազարամյակներ տարածաշրջանի խաչմերուկ եղած Սյունիքը դեռ շատ է զարմացնելու:
Միքայել Բադալյան - Ի դեպ, կա տեսակետ, որ «Սյունիք» բառը կապ ունի ուրարտական արևի աստված Շիուինի հետ, որովհետև հնչում է Շի-ու-ի-նի և շատ հաճախ ուրարտերենի շ-ն հայերենում դառնում է ս, իսկ ք-ն վերջածանց է կամ հոգնակիակերտ կամ տեղանվանակերտ: Տեսեք՝ Սյունիք և Շիուինի՝ արևի աստված, Սյունիքում մենք ունենք Արևիկ գավառ, նույնիսկ ամենայն հավանականությամբ Սիսիանի ուրարտական արձանագրությունում մենք ունենք արևի աստծո զորքերի մասին հիշատակության:
Մի քանի հազարամյա բրոնզե ճակատակալի կողքին շուտով կմաքրվեն և մեծ ցուցադրությամբ կներկայացվեն նաև մյուս 200 գտածոները: