Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների առաջնահերթությունը պետք է լինի ՄԱԿ-ի բարեփոխումը, որպեսզի կազմակերպության Անվտանգության խորհրդում լսվի համաշխարհային Հարավի ձայնը։ Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի կառավարության ղեկավար Նարենդրա Մոդին՝ երկուշաբթի Պապուա Նոր Գվինեայում ընթացող Հնդկաստան-Խաղաղօվկիանոսյան կղզիների համագործակցության ֆորումի գագաթնաժողովի բացման ժամանակ։
Հնդկաստանի վարչապետը նաև ասել է, որ մտադիր է ներկայացնել գլոբալ Հարավի, այդ թվում՝ Խաղաղ օվկիանոսի կղզի-պետությունների շահերը միջազգային այնպիսի կառույցներում, ինչպիսին G20-ն է։
«Ինձ համար դուք մեծ օվկիանոսային երկրներ եք, ոչ թե փոքր կղզի-պետություններ: Հնդկական փիլիսոփայության մեջ ամբողջ աշխարհը համարվում է մեկ ընտանիք: Հնդկաստանը պարտավորվում է G20-ի միջոցով աշխարհին փոխանցել գլոբալ Հարավի մտահոգությունները, ակնկալիքներն ու ձգտումները»,- ընդգծել է Մոդին:
Հնդկաստանը ձգտում է ՄԱԿ-ի բարեփոխումներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ դառնալուն: Նյու Դելին կարծում է, որ դա հնարավորություն կտա այս միջազգային մարմնում լայնորեն ներկայացնելու գլոբալ Հարավի շահերը: Այսպես են պայմանականորեն կոչվում Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրները, Խաղաղ օվկիանոսի կղզիները, ինչպես նաև Ասիայի զարգացող պետությունները։