Ռուսական և ուկրաինական լրատվամիջոցների հաղորդումները Բախմուտի իրավիճակի մասին մասամբ հակասական են:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կիրակի գիշերը հայտարարել է, որ «Վագների» գրոհային ջոկատների հարձակողական գործողությունների արդյունքում՝ հրետանու և Հարավային ուժերի ավիացիայի աջակցությամբ, ավարտվել է Բախմուտի գրավումը, գրում է ТАСС-ը։
Ավելի ուշ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է վագներցիներին և Ռուսաստանի զինված ուժերի զինվորականներին քաղաքի ազատագրման կապակցությամբ։ Բոլոր նրանք, ովքեր աչքի են ընկել, կներկայացվեն պետական մրցանակների»։
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարն էլ հայտնել է, որ Բախմուտի համար մարտերը շարունակվում են, ուկրաինական զորքերը քաղաքը վերցրել են «կիսաշրջափակման մեջ», հաղորդում է УНИАН-ը։ «Թշնամին չկարողացավ շրջափակել Բախմուտը, և նրանք կորցրեցին քաղաքի շուրջ գերիշխող բարձունքների մի մասը։ Այսինքն՝ մեր զորքերի առաջխաղացումը ծայրամասերում դեռ շարունակվում է և շատ է դժվարացնում Բախմուտում հակառակորդի գտնվելը»,- գրել է Մալյարը։
Նրա խոսքով՝ քաղաքի կիսաշրջափակումն Ուկրաինայի զինված ուժերին «թշնամուն ոչնչացնելու հնարավորություն» է տալիս։ «Մեր պաշտպանները վերահսկում են արդյունաբերական և ենթակառուցվածքային օբյեկտները, Բախմուտի մասնավոր հատվածը «Ինքնաթիռ» տարածքում»,- ասել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը: