Նիկոլ Փաշինյանն իր որդուն հորդորե՞լ է հետ վերցնել զոհված զինծառայողի ծնող Գայանե Հակոբյանի դեմ բողոքը։ Հարցին ՀՀ վարչապետը պատասխանեց՝ ո՛չ, չի հորդորել:
«Երբ առաջին խոսակցությունը տեղի է ունեցել այդ թեմայի վերաբերյալ, իմ որդին իր փաստարկներով զրկել է ինձ իրեն նման խնդրանքով կամ կոչով դիմելու հնարավորությունից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ Հայաստանում չի եղել միջադեպի ժամանակ, և մինչև վերադարձել է, տեսել է, որ իրավական ընթացակարգեր են տրվել գործընթացին։
«Երբ ես նրա հետ զրուցում էի, ինքն ասում էր՝ ամբողջ նպատակն ու խնդիրն այն չէ՞, որ ՀՀ-ում իրավական ձևերով լուծվեն հարցերը։ Բա հիմա ես ո՞նց արձագանքեմ այդ փաստին։ Ենթադրենք՝ ես էլ իմ ընկերներին կամ իմ ջոկատի անդամներին վերցնեմ, ինչ-որ պատասխան գործողություն անեմ կամ անհարգալից վերաբերմունքին անհարգալից վերաբերմունքո՞վ պատասխանեմ, սպառնալիքին սպառնալիքո՞վ պատասխանեմ, առևանգմանը առևանգմա՞մբ պատասխանեմ։
Ինքն ասել է՝ բնականաբար, դա անընդունելի է, և ՀՀ-ում բոլոր մարդիկ պետք է արձանագրեն, որ հարցերը պետք է իրավական ճանապարհով լուծել»,- ասաց վարչապետը՝ միաժամանակ ընդգծելով, որ Աշոտ Փաշինյանն իրեն ասել է, թե իր ընկալմամբ հենց դա է եղել հոր քաղաքական գործունեության և պայքարի ամբողջ նպատակն ու իմաստը։
«Դրանից հետո ես չունեմ փաստարկ այդ կոչով կամ խնդրանքով նրան դիմելու»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց՝ զոհված զինվորի մորը կալանավորելն ունի երեք հարթություն՝ իրավական, բարոյական և քաղաքական՝ հավելելով, որ ծնկի է գալիս բոլոր զոհվածների, նրանց ընտանիքների առջև, բայց առաջարկեց քննարկել, թե ում հետ է տեղի ունեցել դեպքը:
Հիշեցնենք՝ մայիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել 1 ամսով կալանավորել Գայանե Հակոբյանին:
Հիշեցնենք նաև, որ ըստ Քննչական կոմիտեի՝ մայիսի 17-ին Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, նշել, որ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլելիս իրեն են մոտեցել 2020 թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները: Նրանցից մի կին ներկայացել է որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել նստել իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, այդ կինն իր համար անսպասելի վարել է այն, ապա նաև ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով, կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ: Երբ վարորդը մեքենայի ընթացքը դանդաղեցրել է, Աշոտ Փաշինյանը դուրս է նետվել:
Դրանից վայրկյաններ հետո ուրիշ ավտոմեքենա հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են: