Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ տարածքում չի գործում մի պարզ պատճառով, քանի որ, ըստ էության, չի մատնանշում, իր պատկերացմամբ, ՀՀ տարածքը: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը՝ նշելով, որ դա է «ֆունդամենտալ պրոբլեմը»:
«Երբ որ ՀԱՊԿ-ը դա հստակ կընդգծի, պրոբլեմների 90 տոկոսը կվերանա»,- ասաց նա, ապա անդրադարձավ նաև իբրև թե Արևմուտքի միջնորդությամբ ՌԴ-ի հետ հարաբերությունները խզելու թեմային:
«Մենք Արևմուտքից ՌԴ-ի հետ հարաբերությունները խզելու, փչացնելու ազդակներ չենք ստանում, չենք էլ ստացել, և չեմ էլ կարծում, որ այդպիսի ազդակ երբևէ կլինի: Ազդակները կարող են լինել երկկողմ հարաբերությունների զարգացման կամ ընթացքի մասին, ինչը վերաբերում է նաև Ռուսաստանին:
Մեր երկկողմ հարաբերությունները ՌԴ մեր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք քննարկում, և ոչ մի մութ կետ չկա այդ խոսակցություններում մեր մտահոգությունների մասին, որոնք մենք ունենք տարածաշրջանում ՌԴ-ի և մեր հարաբերություններում առկա իրադրության վերաբերյալ:
Եկեք դիտարկենք նույն Լաչինի միջանցքի հետ կապված իրադրությունը: Չմոռանանք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը վերահսկողության տակ պահելը ՌԴ-ի պարտավորությունն է»,- ասաց Փաշինյանը:
Նա նաև հավելեց, որ դրա մասին նախկինում ևս խոսել է, բայց դարձյալ ուզում է ընդգծել, որ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումն Ադրբեջանի կողմից հենց այդ պարտավորության խախտումն է:
«ՀՀ-ն եռակողմ հայտարարությունը ստորագրել է, այդ հայտարարության մեջ արձանագրվել է, որ Լաչինի միջանցքը պետք է մնա ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո: Եվ Լաչինի միջանցքի անցակետի ապօրինի տեղադրումն Ադրբեջանի կողմից հենց այդ պարտավորության խախտումն է, այսինքն՝ Ռուսաստանը պետք է պահի, պահեր միջանցքը իր վերահսկողության ներքո»,- ասաց նա: