ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե երկիրը կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։ Պեսկովը ՀԱՊԿ-ն անվանել է հեղինակավոր և արդյունավետ կազմակերպություն և նշել, որ Ռուսաստանը կշարունակի երկխոսությունը Հայաստանի հետ այս հարցում։
«Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ը մի կազմակերպություն է, որն ունի իր հեղինակությունն անդամ երկրների շրջանում։ Կազմակերպություն, որը նախկինում ցուցադրել է իր արդյունավետությունը տարբեր իրավիճակներում, կազմակերպություն, որը, մեր տեսանկյունից, հետագա զարգացման լուրջ ներուժ ունի։ Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի հայտարարությանը, մենք, անշուշտ, կշարունակենք երկխոսությունը մեր հայ ընկերների հետ, նրանց հետ կխոսենք նաև ՀԱՊԿ-ի գործունեությանը մեր հետագա համատեղ մասնակցության թեմայով»,- «Կոմերսանտ»-ին ասել է Պեսկովը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ առաքելությունը չի գործում Հայաստանի տարածքում, քանի որ այն չի արձանագրում հանրապետության սահմանները։ Փաշինյանն ապրիլին ասել էր, որ Երևանը պատրաստ է ՀԱՊԿ առաքելությունը տեղակայել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Այդ ժամանակ Հայաստանի վարչապետն ընդգծել էր, որ անվտանգության ոլորտում ՀԱՊԿ-ը «պարտավորություններ ունի» Հայաստանի հանդեպ, ինչպես նաև Հայաստանը՝ ՀԱՊԿ-ի հանդեպ։