Նիկոլ Փաշինյանը մինչև հինգշաբթի իրատեսական չի համարում խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ հիշեցնելով, որ Մոսկվայում հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի:
«Եթե կոմունիկացիաների վերաբերյալ հաջողվի գալ ընդհանուր հայտարարի, դուք գիտեք մեր մոտեցումները և սկզբունքները, բացառել չեմ կարող: Մեր խնդիրն է հնարավորինս արագ ավարտին հասցնել բանակցությունները և ստորագրել խաղաղության պայմանագիրը: Համենայնդեպս, մեր թիմը շատ ինտենսիվ է աշխատում: Եթե գործնական նայենք, ապա Վաշինգտոնից առաջ մեր խմբագրումները փոխանցել ենք Ադրբեջանին, դա չորրորդ խմբագրումն էր, և հիմա մենք իրենց արձագանքին ենք սպասում, որը, հույս ունենք, կարտահայտի Վաշինգտոնում տեղի ունեցած քննարկումները, փոխըմբռնումը, պայմանավորվածությունները, այն ըմբռնման առաջընթացը, որն արձանագրվել է»,- հայտարարեց նա:
Նրա խոսքով՝ եթե այս շաբաթ Ադրբեջանը փոխանցի իրենց արձագանքը, և եթե դրանք հայկական կողմը համարի ընդունելի՝ փոխզիջումային տրամաբանության մեջ, ապա հնարավոր է՝ շուտ ստորագրվի փաստաթուղթը. «Բայց այս պահին չենք ստացել իրենց արձագանքները»:
Անդրադառնալով միջազգային երաշխավորների հարցին՝ Փաշինյանը նշեց, որ այդ թեմայով էլ ըմբռնման փոփոխություն կա. «Երաշխավոր լինելը այսպիսի բարդ տարածաշրջանում նախևառաջ շատ մեծ պատասխանատվություն է, որը շղթայական հնարավորություններ և ռիսկեր կարող է առաջացնել երկրների, և՛ կարող է երկրի հեղինակությունը բարձրացնել, և՛ իջեցնել: Այս առումով այնպես չէ, որ բոլորը խանդավառված են և իրար հերթ չտալով՝ ուզում են, որ այդ դերը ստանձնեն:
Համոզված եմ, որ եթե միջազգային հանրությունն արձանագրի, որ կողմերի միջև անկեղծ ցանկություն կա տևական խաղաղության հաստատման, կլինեն երկրներ ու կազմակերպություններ, որոնք ոչ թե կցանկանան, այլ կհամաձայնեն ստանձնել այդ գործառույթը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նաև նշեց, որ վաշինգտոնյան բանակցությունների ժամանակ «շատ ուղիղ խոսակցություն է տեղի ունեցել», ապա ներկայացրեց, թե որն է 4-5 օրվա բանակցությունների ամենակարևոր արձանագրումը. «Իքս պահից կողմերը կարծես սկսել են միմյանց հետ հաղորդակցվել ավելի ուղիղ և բաց՝ ներկայացնելով իրենց մտահոգությունները՝ ներկայացնելով դիմացինի նկատմամբ անվստահության հիմքերը»: