Հունաստանի իշխող աջ կենտրոնամետ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը՝ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի գլխավորությամբ, քվեաթերթիկների 96 տոկոսի հաշվարկից հետո ստացել է ձայների 40,78 տոկոսը։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ-ը։
Հիմնական ընդդիմադիր կուսակցությունը՝ նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի գլխավորած «Արմատական ձախ ուժերի կոալիցիա – Առաջադիմական դաշինքը» (ՍԻՐԻԶԱ), ստացել է ձայների 20,07%: Արդյունքում՝ «Նոր ժողովրդավարությունը» խորհրդարանում ստանում է 145 մանդատ, ՍԻՐԻԶԱ-ն՝ 72։ Խորհրդարան է անցել հինգ կուսակցություն:
Քվեարկության վերջնական արդյունքները կամփոփվեն երկուշաբթի առավոտյան, սակայն ուժերի հարաբերակցության էական փոփոխություններ չեն սպասվում։
Հունաստանի 300 տեղանոց միապալատ խորհրդարանում «Նոր ժողովրդավարության» 145 տեղը բավարար չէ բարձրագույն օրենսդիր մարմինը վերահսկելու համար (պահանջվում է առնվազն 151 մանդատ)։ Կուսակցության նախագահը հասկացրել է, որ մայիսի 21-ի ընտրություններից հետո «Նոր ժողովրդավարությունը» դաշինք չի կազմի որևէ այլ կուսակցության հետ և կնախընտրի կրկնակի ընտրությունները, որոնք կանցկացվեն ուժեղացված համամասնական ընտրակարգով։ Այս համակարգի հիման վրա առաջատար կուսակցությունը խորհրդարանում կարող է ստանալ մինչև 50 լրացուցիչ մանդատ։ Դա «Նոր ժողովրդավարությանը» հնարավորություն կտա ինքնուրույն կառավարություն ձևավորելու։
Ալեքսիս Ցիպրասը կիրակի երեկոյան հեռախոսով շնորհավորել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի համար, միաժամանակ հայտարարել է նոր ընտրություններին նախապատրաստվելու իր մտադրության մասին: