Տվյալների պաշտպանության իռլանդական հանձնաժողովը, եվրոպացիների անձնական տվյալներն ԱՄՆ փոխանցելու համար, Meta ընկերությանը, որին պատկանում է Facebook սոցիալական ցանցը, տուգանել է 1 մլրդ 200 մլն եվրոյով, գրում է Euronews-ը:
Meta-ն որոշումը համարել է չարդարացված ու անհարկի և հայտարարել է, որ այն կբողոքարկի:
Տարեսկզբից ի վեր ԵՄ-ն արդեն երրորդ պատիժն է սահմանում Meta-ի նկատմամբ, իսկ վեց ամսվա ընթացքում՝ չորրորդը։ Որոշումն ընդունվել է նախորդ շաբաթ և պետք է հրապարակվի առաջիկա օրերին։
Bloomberg-ն էլ հայտնում է, որ տուգանքը կկիրառվի միայն Facebook-ի նկատմամբ և չի ազդի Meta-ին պատկանող մեկ այլ հավելվածի՝ Instagram-ի վրա, որը նույն կերպ տվյալներ է փոխանցում ԱՄՆ-ին։ Նշվում է, այս որոշումը, ամենայն հավանականությամբ, կվիճարկվի Իռլանդիայի դատարաններում, որտեղ գրանցված են Meta-ի և համաշխարհային ինտերնետ-հսկաների մեծ մասի եվրոպական կենտրոնակայանները: