«Սահմանային վերջին սրացումներից հետո ԱՄՆ պետքարտուղարությունը ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ արեց սահմանից զորքերը հետ քաշելու վերաբերյալ համաձայնություն տալ: Նշվեց նաև, որ այս հարցը քննարկվել է մայիսի սկզբին Վաշինգտոնում պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ բանակցություններում:
Ըստ էության՝ ԱՄՆ-ը առաջ է քաշում այն հարցը, ինչը Հայաստանը բազմիցս առաջարկել է, և արդյո՞ք ԱՄՆ-ի բանակցություններից հետո առաջընթաց կա Ադրբեջանի դիրքորոշումներում: Բացի այդ, Պրահայում տված հարցազրույցի ժամանակ նշել եք, որ պատրաստ եք ամբողջ սահմանագիծն ընդունել 1975 թվականի քարտեզներով: Ի՞նչ քարտեզներ են սրանք, արդյոք ա՞յն է, ինչի մասին Ռուսաստանն է խոսում, և արդյո՞ք Ադրբեջանը կո՞ղմ է դրան»:
Հանրային հեռուստաընկերության հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց. «Այո՛, սա այն քարտեզն է, ինչի մասին ՌԴ-ն է խոսում: Եվ մեր դիրքորոշումը այդ առումով շարունակում է մնալ նույնը: Եվ մենք վերահաստատում ենք այդ դիրքորոշումը. 1975 թվականի՝ Խորհրդային միության ԳՇ-ի քարտեզների հիման վրա, այսինքն՝ այդ քարտեզներով արձանագրված սահմանագծից զորքերի հայելային հետքաշում, որը, մեր կարծիքով, այս իրավիճակում կնշանակի կայունության ապահովում, ըստ էության:
Եվ պիտի գոհունակությամբ արձանագրեմ, որ մենք այս խնդիրը տեսնում ենք նաև արդեն ձևակերպված միջազգային հանրության կողմից, ինչը բավական կարևոր է և ողջունելի: Ադրբեջանի դիրքորոշումների հետ կապված՝ գոնե այս պահի դրությամբ Ադրբեջանի դիրքորոշման տեղաշարժ չեմ կարող արձանագրել՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ կոնկրետ սահմանային անվտանգության ապահովումը բանակցային գործընթացի կարևորագույն մաս է: Ոչ մի գաղտնիք չկա նրանում, որ Ադրբեջանը շարունակում է վարել ռազմական ճնշման քաղաքականություն՝ փորձելով ռազմանական ճնշման միջոցով ավելի նպաստավոր պայմաններ ստանալ բանակցությունների ընթացքում, բայց միևնույն ժամանակ պիտի արձանագրեմ, որ դա միջազգայնորեն ստանձնած պարտավորության խախտում է, որովհետև 2022-ի հոկտեմբերի 31-ի՝ Սոչիի հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ կողմերը պայմանավորվել են և պարտավորվել են խուսափել ուժի կամ ուժի սպառնալիքի գործադրումից»,- ասաց վարչապետը:
Նա ընդգծեց, որ պետք է շարունակել այս ուղղությամբ աշխատանքը:
«Ուզում եմ նաև ընդգծել, որ զորքերի հայելային հետքաշումը չի կանխորոշում սահմանագծման աշխատանքները, այսինքն՝ դա առանձին գործընթաց է: Սա ընդամենը սահմանային իրադրության կայունությունը ապահովելու մասին է: Չնայած, մյուս կողմից, մենք կարծում ենք, որ 1975 թվականի քարտեզը կարող է և պիտի հիմք հանդիսանա նաև հետագա սահմանագծման աշխատանքների համար, որովհետև դա է ենթադրում 2022 թվականի հոկտեմբերի 6-ի՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները Ալմաթիի հռչակագրի վրա սահմանազատում իրականացնելու վերաբերյալ»,- ասաց վարչապետը: