ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հարցը՝ նշելով, որ այն հումանիտար լուրջ խնդիրներ է առաջացրել ԼՂ-ում, և որ այդ արգելափակումն Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության մի մասն է:
«Ընդգծել եմ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ ՄԹ-ի կառուցողական ներգրավվածության և գործուն քայլեր ձեռնարկելու կարևորությունը: Այս համատեքստում ընդգծել եմ ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու, միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքն անարգել ապահովելու հրամայականը:
Մենք կարևորում ենք մեր միջազգային գործընկերների աջակցությունը նաև այնպիսի մարդասիրական հարցի լուծման գործում, ինչպիսին է Ադրբեջանի կողմից բոլոր հայ ռազմագերիների վերադարձի ապահովումը»,- ասաց Միրզոյանը: