2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում կետեր են եղել, որոնք հանվել են, հայկական կողմն է պնդել: Այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եղել է կետ, որ մենք հանել ենք ու ասել ենք, որ ոչ մի պարագայում չենք ստորագրի: Կետերից մեկը վերաբերել է անկլավներին, կետերից երկրորդը վերաբերել է ՀՀ տարածքով միջանցքին»,- հայտարարեց վարչապետը՝ տեղեկացնելով, որ եղել են գործընկերներ, որոնք իր այդ դիրքորոշումը չեն կիսել, ասել են՝ անկլավներով էլ ստորագրի:
«Հետագայում այդ մարդկանց մի մասը մեզ դավաճանության մեջ է մեղադրել ու մեր հրաժարականն է պահանջել»,- նշեց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ցավում է, որ այդ խոսակցությունները չեն ձայնագրվել. «Եթե այդպես լիներ, շատ մարդիկ շատ բաներ խոսելու ոչ մի տարբերակ չէին ունենա ուղղակի»:
Վարչապետն ասաց, թե մարդիկ են եղել, որոնք կողմ չեն եղել փաստաթղթին, բայց հիմա էլ քաղաքական թիմի անդամ են. «Եթե «դեմ»-երի ցանկը հրապարակեմ, կարող է իմ անունն էլ այդ ցանկի մեջ հրապարակվի»:
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, թե ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն ասել է, թե «անկլավներով ստորագրի». «Ասել եմ՝ ոչ, չեմ ստորագրի»: